Կենտրոնի պատմությունը

Կենտրոնի պատմությունըԿենտրոնը հանդիսանում է Առողջապահության Նախարարության Հանրապետական Ակնաբուժական հիվանդանոցի իրավահաջորդը և ստեղծվել է ՀՀ Առողջապահության Նախարարության տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի հիման վրա: Կենտրոնը կազմավորվել է 1978թ.-ին Կլինիկայի ղեկավար Սերգեյ Վ. Մալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ, որի անունն էլ ներկա դրությամբ կրում է:

Սերգեյ Վարդանի Մալայանը ծնվել է 1923թ. հունվարի 4-ին, Թբիլիսիում: 1953թ-ին տեղափոխվել է Երևան և այստեղ ապրել մինչև կյանքի վերջը: Ս. Վ. Մալայանը 14 տարեկան էր, երբ հոր մահից հետո ընտանիքի հոգսն ամբողջությամբ ընկնում է նրա ուսերին: Այդ պատճառով Սերգեյ Մալայանը 14 տարեկանից սկսում է աշխատել, որպեսզի պահի ընտանիքը:

Բարեբախտաբար, նրա հորեղբայրը՝ ճանաչված պրոֆեսոր Արտաշես Մալաևը, իր վրա վերցրեց ընտանիքի հոգսը: Դպրոցը ավարտելուց հետո Սերգեյ Մալայանը ուզում էր դառնալ ճարտարագետ-նախագծող: Նա սեր ուներ դեպի ճարտարագիտությունը: Նա իր ձեռքերով պատրաստում էր տարբեր սարքավորումներ և գործիքներ: Միևնույն ժամանակ, հարգելով Արտաշես Մալաևի հեղինակությունը և հաշվի առնելով նրա կարծիքը՝ Սերգեյ Մալայանը ընդունվում է Թբիլիսիի բժշկական համալսարան:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թանգարանում մինչ օրս պահպանվում են այն մոդելները, որոնք պատրաստել է Սերգեյ Մալայանը Արտաշես Մալաևի նախագծերով, որոնք նույնիսկ մեր օրերում չեն կորցրել իրենց գիտական արժեքը: Համալսարանը ավարտելուց հետո նա իր առջև տեսնում էր մեկ ուղի՝ ակնաբուժությունը: Թբիլիսիում թողնելով մասնագիտական և նյութական մեծ ժառանգություն, որը ստացել էր Արտաշես Մալաևից, Սերգեյ Մալայանն ընտրեց ծանր, երկար, բայց իր ինքնուրույն ճանապարհը, և 1953թ-ին տեղափոխվեց Երևան ու ընդունվեց Երևանի պետական բժշկական համալսարանի աչքի հիվանդությունների ամբիոնի կլինիկական օրդինատուրան: 1958թ-ին նա պաշտպանեց իր թեկնածուական դիսերտացիան:

Ս.Վ. Մալայանը ստեղծել է աչքի տեսողության չափման հայերեն լեզվով աղյուսակը: Աշխատելով Երևանի պետական բժշկական համալսարանում՝ Սերգեյ Մալայանը անցավ երկար ճանապարհ՝ ուսանողից մինչև աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ: Նա Ռուս-հայերեն-լատիներեն բառարանի հեղինակն է, որն առայժմ միակն է մեր օրերում: Ս.Վ.Մալայանը հեղինակ է ավելի քան 50 գիտական աշխատանքների և ՙԱչքի անատոմիան և ֆիզիոլոգիական օպտիկան՚ դասագրքի:

Նրա ակտիվ համագործակցությամբ և անմիջական մասնակցությամբ՝ 1978թ-ին կառուցվեց Աչքի հանրապետական հիվանդանոցը, այն ժամանակ՝ Գլաուկոմատոզ դիսպանսերը, որը հետո զբաղեցրեց իր արժանի տեղը Հայաստանի առողջապահության համակարգում: Այդ բազայի հիման վրա գործում էր Երևանի պետական բժշկական համալսարանի աչքի հիվանդությունների ամբիոնը, որի ղեկավարն էր Սերգեյի Մալայանը: Ցավոք, նրա գիտական բեղմնավոր գործունեությունն ընդհատվեց ուժերի ծաղկման շրջանում:1978թ. օգոստոս ամսին նա հեռացավ կյանքից:

  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer