Ուվեիտներ

ՈւվեիտներԱկնագնդի անոթային թաղանթի բորբոքումը կոչվում է ուվեիտ: Ուվեիտներն ըստ առաջացման պատճառի լինում են ինֆեկցիոն և աուտոիմուն բնույթի, իսկ ըստ տեղակայման՝ առաջային, միջանկյալ, հետին և դիֆուզ: Գործնականում 70-80% դեպքերում հանդիպում են աուտոիմուն ուվեիտները: Առաջային ուվեիտով հիվանդները գանգատվում են աչքի ցավից, կարմրությունից, տեսողության մշուշոտումից և վատացումից:

Առաջային ուվեիտների մեջ մեծ խումբ են կազմում HLA B27 անտիգենի հետ զուգակցված ուվեիտը, որը հաճախ զուգակցվում է նաև մի քանի համակարգային հիվանդությունների հետ (Բեխտերևի հիվանդություն, Ռեյտերի սինդրոմ, խոցային կոլիտ և փսորիատիկ արթրիտ) և հերպետիկ ուվեիտը: Միջանկյալ ուվեիտով հիվանդները գանգատվում են աչքի առջև լողացող պղտորումների առկայությունից և հնարավոր է նաև տեսողության վատացումից: Իսկ հետին ուվեիտի առկայության դեպքում հիվանդները նշում են տեսողության մշուշոտում և բորբոքային օջախի տեղակայումից կախված տեսողության սրության տարբեր աստիճանի իջեցում:

Ուվեիտների մեջ մեծ խումբ են կազմում համակարգային հիվանդությունների (Բեխչետի հիվանդություն, համակարգային կարմիր գայլախտ, սարկոիդոզ, տոքսոպլազմոզ, տուբերկուլյոզ, Վոգտ-Կայանագի-Հարադայի սինդրոմ և այլն) հետ զուգակցված ուվեիտները: Այս դեպքում հիվանդները պարտադիր պետք է բուժում ստանան նաև համակարգային հիվանդության համար (հիմնականում հաբերի ձևով):

Ս.Վ.Մալայանի անվան ԱԿ բորբոքային հիվանդությունների բաժանմունքում 2002թ-ից հսկողության տակ են գտնվում ուվեիտով մոտ 2000 հիվանդներ: Ուվեիտով հիվանդների մեծ մասին անհրաժեշտության դեպքում կատարվում են գենետիկական թեստեր ճշգրիտ ախտորոշում կատարելու համար (HLA B27, HLA B51 և այլն):

Բուժման նպատակով իմունային ուվեիտով հիվանդներին կիրառվում են իմունոսուպրեսիվ դեղանիջոցներ (իմուրան, մետոտրեքսատ, ցիկլոսպորին) ցիտոտոքսիկ դեղամիջոցներ (ցիկլոֆոսֆոն, լեյկերան), ստերոիդների և միդրիատիկների տեղային կաթիլներ, դիպրոսպանի և կենալոգի սուբտենոնյան ներարկումներ: Կիրառվող բուժման արդյունավետության գնահատականը բաժանմունքում հսկողության տակ գտնվող հիվանդների մոտ ուվեիտի կայուն ռեմիսիան է (բորբոքային պրոցեսի դադարը) և տեսողության կայունացումը:

Ուվեիտների որոշ տեսակներ քրոնիկական բնույթ են կրում Բեխչետի հիվանդություն, սարկոիդոզ, Վոգտ-Կայանագի-Հարադայի սինդրոմ և այլն, ուստի պահանջում են երկարատև բուժում և ակնաբույժի մշտական հսկողություն:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer