Ռուս-հայկական համատեղ ակնաբուժական գիտագործնական համաժողով

02 հունիսի 2015 | Նորություններ | Цитата

Մայիսի 29-ին Երևանի Պետական Բժշկական Համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռուս-հայկական համատեղ ակնաբուժական գիտագործնական համաժողով՝ «Ակնաբուժության արդի խնդիրները» խորագրով:

Սեմինար-քննարկման զեկուցողների շարքում էին ինչպես հայաստանյան առաջնակարգ մասնագետներ, այնպես էլ Մոսկվայի «Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն պրոֆեսոր Սերգեյ Ավետիսովը, Վարդան Մամիկոնյանը և Սվետլանա Սդոբնիկովան:

Համաժողը կազմակերպվել էր Նաիրի Բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքի, Հայաստանի ակնաբուժական ասոցիացիայի և Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի նախաձեռնությամբ:

- Մենք ուրախությամբ և մեծ սիրով արձագանքեցինք այս նախաձեռնությանը և հրավերին: Գաղտնիք չէ, որ ռուսական և հայկական ակնաբուժական «դպրոցները» երկար տարիներ համընթաց են քայլել, կողք-կողքի զարգացում են ապրել, և մենք այսօր կարծեք թե շարունակում ենք այդ գործը: Երկուստեք առաջընթացի համար անչափ կարևոր է քննարկել ակնաբուժական արդի խնդիրները, առաջարկել լուծումներ: Այս գիտաժողովի նպատակներից կարևորագույնը հատկապես ակնային որոշ հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների մասին տեղեկատվության, փորձի փոխանակումն է. - ասում է Մոսկվայի «Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն պրոֆեսոր Սերգեյ Ավետիսովը:

Ալեքսանդր Մալայան
Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, բ.գ. դեկտոր-պրոֆեսոր

- Յուրաքանչյուր սեմինար-քննարկում խիստ կարևորում եմ՝ տեղեկատվության, փորձի փոխանակման տեսանկյունից, սա միաժամանակ արդյունավետ և օգտակար է երկու կողմի համար: Ի դեպ, բժշկության մեջ կարևոր է ոչ միայն հաջող և դրական, այլ նաև բացասական փորձի փոխանակումը: Մեր սեմինարի հյուրերը ներկայացնում են Ռուսաստանի Դաշնության առաջատար հաստատություններից մեկը, որի հետ ունենք արդեն շուրջ 3 տարվա համագործակցության փորձ: Այսօր զեկույց ներկայացնողների շարքում մեր հանրապետության առաջատար և անվանի մասնագետներն են: Նպատակ ունենք ներկայացնել ինչպես մասնագիտական շատ հարցերին մոտեցումը Հայաստանում, այնպես էլ մեր երկրում այս տարիների ընթացքում գրանցած հաջողությունները, առաջընթացը:

- Որպես ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, հատկապես ո՞ր ձեռքբերումները և հաջողությունները կշեշտեիք, և որո՞նք են դեռևս չլուծված խնդիրները:

- Այսօրվա մեր առաջնային նպատակը ակնային հիվանդությունների ոչ միայն բուժումն, այլ նաև արդյունավետ կանխարգելումն է: Խոսքը մասնավորապես գլաուկոմայի և շաքարային դիաբետի հետևանքով առաջացող խնդիրների մասին է: Սրանք վտանգավոր են հատկապես իրենց զարգացման ձևով. սկսում են աննկատ և հիվանդը մի օր փաստի առջև է կանգնում՝ կորցնելով տեսողությունը: Մեր խնդիրն է տարածել տեղեկատվությունը և ունենալ վերապատրաստված մասնագետներ հանրապետության ամբողջ տարածքով: Ամենաարդի խնդիրներից կարող եմ առանձնացնել մասնագիտական ներուժի կենտրոնացումը միայն Երևանում: Այս խնդրի լուծման ուղղությամբ Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնը մշտապես քայլեր է ձեռնարկել և այժմ էլ կիզակետում այս հարցն է. - ասում է Ալ. Մալայանը:

Սեմինարին ներկայացվող յուրաքանչյուր զեկույցից հետո զեկուցողների և դահլիճում ներկա ակնաբույժների միջև տեղի էր ունենում հարց-պատասխան քննարկում:

Տեղեկացնենք, որ սեմինարի ընթացքում զեկուցումներ հնչեցին նաև հետևյալ թեմաներով՝

Աչքի ոսպնյակի փոփոխությունների վիրահատական շտկումը՝ Մարֆանի համախտանիշի ժամանակ, ճառագայթային կերատոտոմիայի հետագա խնդիրները (պրոֆ. Սերգեյ Ավետիսով), Անհաստության ռետնինոպաթիայի կանխարգելման ժամանակակից հիմունքները, Լուցենտիսի դերը՝ ցանցաթաղանթի հիվանդությունների բուժման մեջ (Սվետլանա Սդոբնիկովա), Կերատոկոնուսի ժամանակակից վիրաբուժությունը (պրոֆ. Վարդան Մամիկոնյան), Ուսուցման առցանց հարթակ՝ ակնաբույժների և ընտանեկան բժիշկների համար (Բարբարա Քալաշյան՝ Հայկական ակնաբուժական ծրագրի ղեկավար):

Զեկուցումներ ներկայացրեցին նաև Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի տարբեր բաժանմունքների վարիչներ՝ հետևյալ թեմաներով.

Եղջրաթաղնթի պաթոլոգիանեի վիրահատական բուժումը (բ.գ.թ. դոցենտ Աննա Հովակիմյան՝ Աչքի բորբոքային հիվանդություններ բաժանմունքի վարիչ), Առաջնային կամերայի շունտավորումը՝ որպես գլաուկոմայի բուժման նորագույն մեթոդ (բ.գ.թ. դոցենտ Լիլիթ Ոսկանյան՝ Գլաուկոմայի բաժանմունքի վարիչ), Պրոլիֆերատիվ վիտրեոռետինոպաթիա. Ախտորոշում, բուժման ժամանակակից եղանակներ (բ. գ. թ. պրոֆեսոր Արմեն Վարդանյան՝ տեսողության օրգանի վնասվածքների բաժանմուքի վարիչ):

Ս. Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. դոցենտ Ռուզաննա Հարությունյանը ներկայացրեց զեկույց՝ «Անհասության ռետինոպաթիայի վաղ ախտորոշման և բուժման արդյունքները Հայաստանում թեմայով:

- Անհասության ռետինոպաթիան արդի խնդիր է բոլոր ակնաբույժներիս համար՝ ամենաառաջադեմից մինչև դեռ նոր զարգացող երկրներ: Յուրաքանչյուր բժշկի փորձի կիսում մյուս մասնագետների հետ ունի միայն մեկ նշանակություն՝ խուսափել սխալներից, աշխատանքի ճիշտ կազմակերպման: Կարծում եմ՝ արտերկրից ժամանած առաջատար մասնագետներից պետք է վերցնել ամբողջ ծավալի տեղեկատվությունը՝ մեր փոքրիկներին մեր երկրում արդյունավետ բուժելու համար:

Անհասության ռետինոպաթիայի կանխարգելումը և բուժումը դեռևս նոր զարգացող ակնաբուժական ուղղություն է մեր երկրում. արդեն ունե՞նք որոշակի հաջողություններ այս ոլորտում:

- Անհասության ռետինոպաթիայի կանխարգելման և բուժման մեջ 5 տարվա ընթացքում արդեն իսկ ունենք լուրջ հաջողություններ և հաղթանակներ: Սա իհարկե փոքր ժամանակահատված է բժշկության համար, սակայն ուրախությամբ կարող եմ փաստել, որ այս նախաձեռնությունն ունի զարգացման մեծ միտում: Արդեն իսկ զզնել ենք 5000 անհաս ծնված երեխայի և օգնել ենք խուսափել կուրությունից շուրջ 120 երեխայի: Մեր արևմտյան գործընկերների հետ այս հարցը քննարկելը, տեղեկատվության փոխանակումն, իհարկե, ունի ուսուցողական մեծ նշանակություն. – ասում է Ռուզաննա Հարությունյանը:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer