Եզակի վիրահատություններ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի բժիշկ-ակնաբույժ, էքսիմեր-լազերային վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Մալայանը Հայաստանում առաջին մասնագետներից էր, ով սկսեց լազերային վիրահատություններ կատարել կարճատեսությունը, հեռատեսությունը և աստիգմատիզմը վերացնելու համար: Մանրամասները՝ զրույցի ընթացքում:

- Հիվանդը եկավ, ախտորոշեցիք կերատոկոնուս, կխնդրեմ հիվանդին հասկանալի լեզվով նաև մեզ բացատրել, թե ինչ է կերատոկոնուսը:

- Կերատոկոնուսը բնածին խնդիր է. աչքի ամենաառաջին թաղանթը, որր կոչվում է եղջերաթաղանթ, թույլ է կառուցված, այսինքն կարծրությունն ապահովող կոլագեն նյութը պակաս է: Հիվանդությունը որպես օրենք սկսում է զարգանալ 15-16 տարեկանում: Սկսվում է առաջին հայացքից փոքր կարճատեսությունով կամ աստիգմատիզմով, ժամանակի ընթացքում խնդիրը խորանում է, ու բացահայտվում, որ հիվանդն ունի կերատոկոնուս. եղջերաթաղանթը շատ դանդաղ բարակում է կենտրոնական հատվածում, կոնաձև փքվում դուրս՝ կորցնելով անատոմիկ ճիշտ կառուցվածքը: Հիվանդությունը կանխելու համար կատարվում է ֆիզոպրոցեդուրա՝ կաթեցվում է նյութ, որը փոխարինում է կոլագենին, ինչն էլ կարծրացնում է բարակող հյուսվածքը: Գործողությունն ինքնին շատ ապահով է, քանի որ վիրահատություն չէ, և բացառվում է, որ այն վատ ընթացք ունենա: Լինում են եզակի դեպքեր, երբ չենք տեսնում այն արդյունքը, որը կարող էինք տեսնել, եթե ավելի շուտ դիմեին բժշկի: Նման դեպքում արվում է ողջ թաղանթի փոխպատվաստում: Խնդիրը տարածված է հայերի մեջ, դա հին ազգերին բնորոշ հիվանդություն է:

- Անդրադառնանք ուշացած դեպքերին: Մարդն ունի կարճատեսություն, պարբերաբար այն բարդանում է, հիմա՝ բժշկի՞ թերությունն է, որ չի նկատել կերատոկոնուսի առկայությունը:

- Կան այդպիսի դեպքեր էլ, բայց մինչև անձը չանցնի լայնածավալ ստուգում համապատասխան սարքավորումով, դժվար կլինի ախտորոշել: Իսկ մարզերում համապատասխան տեխնիկան բացակայում է: Ես կասեի՝ ավելի հաճախ հիվանդի կողմից հիվանդությունն անտեսելու խնդիր է, գումար չունենալու պատճառով կարող է ուշ դիմել:

- Խոսենք նաև կարճատեսության նոր կարգավորման մասին, որի միջոցով հիվանդն ազատվում է օպտիկական ակնոց կամ լինզաներ կրելուց: Արդյունքը երկարաժամկե՞տ է:

- Իհարկե կյանքում ընդմիշտ ոչինչ չկա: Եթե խոսքը կարճատեսության շտկման մասին է, ապա նախկին վիճակին վերադառնալը 99 տոկոս դեպքերում քիչ հավանական է: Բայց այժմ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ներդրել ենք նոր լազերային վիրահատության սարք (ամերիկյան Alcon ընկերության Femto վայրկյանային լազեր), որով կարողանում ենք ապահով վիրահատել կարճատեսության բարդացած տեսակը: Այն, ինչ բժշկությունը մերժում էր վիրահատել, այն է՝ բարձր կարճատեսություն, բարակ եղջերաթաղանթ, նոր սարքի միջոցով հնարավոր դարձավ:

- Ու՞մ չի թույլատրվում վիրահատվել:

- Սահմանափակում կա 18-ից ցածր տարիքի երեխաների դեպքում, քանի որ աճող տարիք է: Որպեսզի վիրահատության էֆեկտը լինի հնարավորինս երկար, մեկ տարվա ընթացքում կարճատեսությունը չպետք է պրոգրես ունենա: Նման դեպքերն ուղղակի շարունակում ենք հսկողության տակ պահել: Վիրահատությունը չի թույլատրվում նաև կերատոկոնուս հիվանդություն ունեցողին, իսկ կատարակտի դեպքում զգուշացնում ենք, որ վիրահատել կարող ենք, բայց արդյունքում հնարավոր է՝ տեսողությունը նախկին վիճակին վերադառնա:

- Հետվիրահատական ի՞նչ բարդություններ կարող են սպասվել հիվանդին:

- Անհամեստ կարող է հնչել, բայց ես առաջինն եմ Հայաստանում, որ այս վիրահատությունն արել եմ 2001 թվականից սկսած: Սա նշում եմ, որովհետև 5-րդ լազերային սարքն է, որը ես աշխատեցնում եմ ու վստահեցնում՝ այս պահի դրությամբ վիրահատության ընթացքում խնդիր ունենալը գրեթե բացառված է: Ինչ վերաբերում է հետագա բարդություններին, ապա չի բացառվում, որ վիրահատությունից հետո ռեգրեսիա լինի՝ աչքը նորից վերադառնա նույն վիճակին, ու երկրորդ վիրահատության կարիք լինի: Միշտ կարելի է երկրորդ անգամ շտկում անել:

- Ո՞րքան ժամանակ վիրահատված հիվանդը պետք է հեռու մնա տեխնիկայի հետ շփումից՝ համակարգչից, հեռուստացույցից, և այլն:

- Ունենք 3 տեսակի լազերային վիրահատություն, երեքն էլ լավ տեսողություն են ապահովում, բայց վերականգնողական փուլերը տարբեր են:

Առաջին լազերային սարքի միջոցով վիրահատելուց հետո 3 օր հիվանդը պիտի լինի տանը, 4-րդ օրը կարող է դուրս գալ: Իսկ հեռուստացույց դիտել, համակարգչով աշխատել չի կարող, որովհետև ունենում է բավական արտահայտված լուսավախություն, արցունքահոսություն, տեսողությունը մի քիչ տատանողականություն ունի վերականգնողական շրջանում. Դա տևում է առավելագույնը մեկ շաբաթ: Մյուս՝ երկրորդ ու երրորդ լազերային սարքի գործածության դեպքում արագ ապաքինվում են. աչքերը հաջորդ օրը բացում են, ցավ գրեթե չի լինում: Թե որ սարքն է ընտրվում վիրահատության համար, կախված է հիվանդի ախտորոշումից, բժշկի խորհրդից ու հիվանդի ցանկությունից:

- Կարճատեսության վերականգնման ընթացքում կոնկրետ ի՞նչ գործողություն է արվում:

- Կարճատեսությունը հեռանում է պարզ պատճառով՝ տաշվում է եղջերաթաղանթը: Էքսիմեր լազերը գոլորշացնում է եղջերաթաղանթը, վերջինս տափակում է՝ բերելով բեկող ուժի փոփոխության: Կարճատեսի մոտ աչքի բեկող ուժը կենտրոնական մասում է, դրա համար պատկերը ցանցաթաղանթից առաջ է ընկնում, ակնոցը դնում են, հավաքում է ցանցաթաղանթի վրա:

- Իսկ հեռատեսության դեպքում ի՞նչ է արվում:

- Տեղային կաթիլով անզգայացնում ենք, 10-12 րոպե աչքը չի զգում, ու վիրահատում ենք: Հեռատեսությունը մոտ 5 տարի առաջ աշխատում էինք չվիրահատել, քանի որ իրեն չէր արդարացնում, սակայն Lasik և Femto Lasik սարքերի կիրառումը այժմ մեծ փրկություն է հեռատեսների համար: Նրանց դեպքում էլ է տաշվում եղջերաթաղանթը, բայց ոչ թե կենտրոնը, այլ եզրերը: Աստիգմատիզմի դեպքում տաշվում է եղջերաթաղանթի միայն մեկ հատվածը:

- Եթե կերատոկոնուսը բարակ եղջերաթաղանթի պատճառով է առաջանում, մտավախություն չկա՞, որ կարող է կարճատեսությունը վերացնելու արդյունքում կերատոկոնուս առաջանա:

- Ըստ էության տեսականորեն հնարավոր է: Եղել են դեպքեր աշխարհում, երբ կարճատեսությունը վերացնելու արդյունքում առաջացել է նման խնդիր: Բայց հիմնականում կերատոկոնուսն առաջանում է, եթե մարդու օրգանիզմում այն զարգանալու միտում ունի, այսինքն գենետիկորեն կա:

- Շա՞տ են կարճատեսությունը վերացնելու խնդրով ձեզ դիմողները:

- Այո, բավական շատ են ու կարող եմ ասել, որ տարեցտարի շատանում են: Իհարկե դա նաև արված գործի որակի արդյունք է: Բացի այդ հասկացան, որ պետք չէ գնալ Մոսկվա, Փարիզ, ծախսել 5 անգամ ավելի գումար այն դեպքում, երբ արդյունավետությունը նույնն է: Սա կոսմետիկ վիրաբուժություն է. կարող է մարդը չվիրահատվել, ակնոց կրել, ու դրանից ոչ մի սպառնալիք չկա աչքին: Իսկ ցանկացած կոսմետիկ վիրահատությունը թանկ արժե, ոչ թե որ կոսմետիկ է, այլ սարքերն են շատ թանկարժեք: Մենք փորձել ենք այն գումարային տարբերակն ընտրել, երբ և՛ սարքերը կարողանանք պահել, և՛ միջին աշխատավարձ ստացող մարդը կարողանա վիրահատվել:

Առաջիկայում ամերիկացիների հետ նոր ծրագիր ենք սկսում ՝ տարիքային կարճատեսության և հեռատեսության շտկում 44 տարեկանից հետո, երբ մարդ սկսում է կրել կարդալու ակնոց: Տվյալ դեպքում վիրահատվողը առանց ակնոցի և՛լավ է տեսնելու հեռուն, և՛ լավ է կարդալու: Վիրահատությունն արվելու է մեկ աչքի վրա: Նման բան եզակի երկրներում է արվում, ու մեզ մոտ էլ հնարավոր է լինելու:

- Զրույցի վերջում կխնդրեի խորհուրդ տալ՝ ի՞նչ անել, որ կարճատեսություն չառաջանա:

- Եթե օրգանիզմում կա նախատրամադրվածություն զարգանալու, ոչինչ չենք կարող անել, որ չզարգանա, բայց այսօրվա երեխաների նստակյաց ապրելակերպը՝ համակարգչով և բջջայիններով խաղալը, բակում չխաղալը նպաստում են, որ կարճատեսությունը չարորակ ընթացք ունենա, շատերի մոտ ի հայտ գա: Երեխան կես ժամ գրեց, կարդաց, մուլտ նայեց, անպայման պիտի հայացքը փոխի ուրիշ կողմ: Սպորտով զբաղվելը մեծ նշանակություն ունի, քանի որ արյան շրջանառությունը պիտի ակտիվ լինի: Ամենակարևորը նաև պրոֆիլակտիկ ստուգումներն են. դպրոցական տարիքից տարին 2 անգամ երեխան պարտադիր պիտի ստուգվի ակնաբույժի մոտ, եթե անգամ որևէ խնդիր չունի:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer