ԱՄՆ-ից ժամանած ակնաբույժը՝ Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում

15 սեպտեմբերի 2015 | Մանկական հիվանդություններ | Цитата

Օրեր առաջ, ԱՄՆ-ից Հայաստան են ժամանել ակնաբույժներ Ռուբեն Գրիգորյանը և Ալան Ռիչարդսը: Մասնագետների այցի նպատակը, Հայաստանում անհասության ռետինոպաթիայի, նորածնային կուրության կանխարգելման մասին իրենց բազմամյա փորձի, գիտելիքների և կարծիքների փոխանակումն է: Ակնաբույժ Ռուբեն Գրիգորյանը նախատեսում է նաև խորհրդատվություն՝ Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում:

Բժիշկները հանդիպում ունեցան ՀՀ գլխավոր ակնաբույժ, Ս. Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Ալեքսանդր Մալայանի հետ:

* Անկեղծ ասած, ես զարմացած եմ՝ Հայաստանում տեսնելով անհասության ռետինոպաթիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումների նման բարձր մակարդակ: Ինձ իրավունք եմ վերապահում ոլորտը գնահատել, քանի որ մինչ մեր այցը Հայաստան, նույն նպատակով եղել ենք բազմաթիվ այլ երկրներում նույնպես, և ասեմ, որ Հայաստանում ակնաբուժությունը շատ ավելի բարձր մակարդակ ունի, քան նույնիսկ Ռուսաստանում և արևելյան Եվրոպայում:

Ուրախ եմ տեսնել, որ անհասության ռետինոպաթիայի, նորածնային կուրության կանխարգելման համար մշակել եք ճիշտ և համակարգային ռազմավարություն, պետական մակարդակով՝ սքրինինգային ծրագիր, - հանդիպման ընթացքում ասաց Ալան Ռիչարդսը:

Բժիշկ-ռեթինովիրաբույժ Ռուբեն Գրիգորյանի գնահատմամբ՝ ոլորտը Հայաստանում ահռելի աճ է գրանցել, և շնորհիվ նաև Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի բժշկական անձնակազմի, այսօր Հայաստանում լիարժեք հնարավոր է կանխարգելել նորածնային կուրությունը:

* Իմ այցի նպատակը հայաստանյան բժշկական հասարակության հետ փորձի և գիտելիքների փոխանակումն է: Հույս ունեմ իմ հայաստանյան կոլեգաների հետ միասին իրականացնել խորհրդատվություն, լսել հայ պացիենտների խնդիրները, ներկայացնել այս կամ այն հարցին իմ մասնագիտական մոտեցումը…

Իմ նախորդ այցի ժամանակ՝ շուրջ 5-6 տարի առաջ, ես նկատեցի, որ անհասության ռետինոպաթիայի դեպքերը շատ-շատ էին, իսկ բուժումը կազմակերպվում էր միայն արտերկրում: Այս տարիների ընթացքում մեծ զարգացում եմ նկատում՝ սքրինինգային ծրագրի առկայությունը, կիրառվող բարձրակարգ դեղորայքը և այլն: Այս անգամ ինձ հետ Հայաստան եմ հրավիրել փորձառու մի մասնագետի՝ մանկական ակնաբույժ Ա. Ռիչարդսին, ով ևս անշահախնդիր կերպով պատրաստ է իր աջակցությունն առաջարկել ոլորտի առավել զարգացման համար: Մենք միասին շրջեցինք ՀՀ մարզերով, եղանք Գյումրիում, Վանաձորում, Գորիսում: Բացի հիվանդներին զննելը և խորհրդատվություն իրականացնելը, մենք կարևորում ենք նաև տեղի բժիշկների հետ գիտելիքների փոխանակումը, նրանց նոր տեխնոլոգիաների հետ ծանոթացումը,- ասում է Գրիգորյանը:

Հուսանք, որ բժիշկների համագործակցությունը կլինի շարունակական, ինչն, իհարկե, կնպաստի առավելապես առողջ երեխաների լույս աշխարհ գալուն և այդ առողջության պահմանմանը:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer