37 տարվա գործունենության ամենակարևոր ձեռքբերումը ազգաբնակչության վստահությունն է:

23 դեկտեմբերի 2015 | Նորություններ | Цитата

- Պարոն՛ Մալայան, այսօր Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ամենախոշոր ակնաբուժական կենտրոննն է Հայաստանում, որն առաջին հերթին արժանացել է ժողովրդի վստահությանը: Ինչպե՞ս դա Ձեզ հաջողվեց, ինչպիսի՞ ճանապարհ եք անցել:

- Նախ նշեմ, որ մեր կենտրոնը կազմավորվել է 1978թ.՝ ՍԵրգեյ Մալայանի գլխավորությամբ, Հանրապետական տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի բազայի հիման վրա /1952թ./: Այդ տարիներին աչքի տրախոմա հիվանդությունը, /որով տառապողները կորցնում էին տեսողությունը/ մեծ տարածում ուներ Հայաստանում, պետք էր միջոցների ձեռնարկել այն կանխելու և բուժելու համար: Կենտրոնն իր ողջ գիտական և կադրային ռեսուրսներն ուղղեց այդ հիվանդների բացահայտման և նրանց բուժսպասարկում իրականացնելու ուղղությամբ: Դիսպանսերի աշխատակացիները գնում էին շրջաններ, հետազոտում մարդկանց, իրականացնում համապատասխան բուժսպասարկում: Շատ հաճախ հիվանդները դիմադրում էին, չէին երնթարկվում բժիշկներին, քանի որ գաղափար չունեին հիվանդության և դրա հնարավոր հետևանքների մասին: Բավականին դժվար ժամանակներ էին, բայց բոլոր դժվարությունները հաղթահարվեցին:

Աստիճանաբար տրախոման, կարծես, հաղթահարվեց և որպես մշտական կուրության պատճառ՝ սկսեց մոլեգնել գլաուկոման: Դիսպանսերի պայքարն արդեն ուղղվեց գլաուկոմայի ուղղությամբ:

1996թ. կենտրոնը անվանվեց Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն:

Տարիների ընթացքում կենտրոնն ընդլայնեց իր գործունեության շրջանակները, ավելացան ծառայությունները, բարձրացավ դրանց որակը, քանի որ մեր գործունեության սկզբից մինչև այսօր, մենք ձգտում ենք մեր աշխատանքը համապատասխանեցնել ժամանակակից բժշկության նորագույն ձեռքբերումներին և մատուցել արդյունավետ ծառայություններ:

Կարող եմ վստահ ասել, որ մեր կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց մեծամասնությունը որակավորվել է արտասահմանում:

- Ին՞չ նոր բաժանմունքներ են բացվել կենտրոնում:

- Կենտրոնում գործում են 7 բաժանմունքներ՝ խորհրդատվական, մանկական, գլաուկոմայի, անոթային պաթոլոգիայի, վնասվածքաբանական, աչքի բորբոքային հիվանդությունների և նորագույն ախտորոշման և լազերայի բուժման:

Նոր է բացվել աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքը: Դրա անհրաժեշտությունն առաջացավ, քանի որ հնարապետությունում մեծ տարածում ունեն աչքի բորբոքային հիվանդությունները, մանավանդ՝ աչքի առաջնային հատվածի կոպերի: Մինչ բաժանմունքը բացելը, մենք համապատասխան մասնագետ պատրաստեցինք ԱՄՆ-ում:

Ամենանոր բաժանմունքը ժամանակակից ախտորոշիչ և ռեֆրակցիոն վիրաբուժության բաժանմունքն է, որտեղ կենտրոնացված են մեր կենտրոնի ողջ գերժամանակակից ախտորոշիչ սարքավորումները, որոնք թույլ են տալիս հիվանդությունն ախտորոշել նախակլինիկական փուլում, երբ հիվանդը որևէ կասկած չունի: Հիվանդը չի պատկերացնում, որ իր մոտ զարգանում է հիվանդություն, որը ինչ-որ ժամանակ անց նոր կսկսի նշանների տեսքով ի հայտ գալ: Նորագույն սարքավորումները թույլ են տալիս նախապես բացահայտել և բուժել հիվանդությունը՝ խուսափելով դրա բարդացումներից:

Նման հնարավորություններ ունենալու մասին մենք 10 տարի առաջ նույնիսկ չեինք էլ կարող երազել, իսկ այսօր դա մեր կենտրոնում ռեալ իրականություն է:

- Պարո՛ն Մալայան, թույլ տվե՛ք նման կարծիք հայտնել, որ հիվանդի համար, թերևս, ամենաբարդ խնդիրը ճշգրիտ ախտորոշվելն է, այնուհետև բուժվելը: Ինչպե՞ս է այդ գործընթացն իրականացվում Ձեր կենտրոնում, և արդյո՞ք Դուք նորմալ եք վերաբերվում հիվանդի երկրորդ կարծիք ունենալու ցանկությանը:

- Մենք ախտորոշման գործընթացին ցուցաբերում ենք համակարգային մոտեցում, այն սկսվում է ամենահասարակից և վերջանում բարդագույն հետազոտությամբ: Մեզ դիմած յուրաքանչյուր անձ, անցնելով ախտորոշման այդ շղթայով, ունենում է իր աչքի վիճակի բացարձակ պատկերը:

Իմ խորհուրդն է 40 տարեկանը լրացած բոլոր անձանց գոնե 2 տարին մեկ անգամ ախտորոշվել, այդ դեպքում կխուսափեք հիվանդության զարգացումից:

Ինչ վերաբերում է երկրորդ կարծիքին, ապա դա աշխարհում ընդունված նորմալ երևույթ է: Երբեմն մենք մեր հիվանդներին ուղարկում ենք այլ երկրների կլինիկաներ հետազոտվելու և երկրորդ կարծիք ունենալու համար: Սակայն հայկական իրականության որոշ դեպքերում դա շատ հիվանդագին է ընկալվում և չի ծառայում բուն նպատակին: Եթե հիվանդը դիմում է բժշկին, ապա բժիշկը պետք է հետազոտի նրան, իր եզրակացությունն ասի, հետո նոր հարցնի՝ արդյո՞ք նա եղել է մեկ այլ բժշկի մոտ: Մեր իրականությունում հակառակ երևույթն է տարածված՝ սկզում հարցնում են, հետո սկսում վատաբանել նախորդ բժշկին, դիտավորյալ ասում են հակառակը, որ վստահություն ձեռք բերեն հիվանդի մոտ: Դա բժշկական էթիկայի պակասի խնդիր է: Նման դեպքերում հիվանդները պետք է աչալուրջ լինեն:

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ բժիշկն իր մասնագիտական պարտավորություններից ելնելով՝ հիվանդին անպայման պետք է տեղեկացնի, թե ինչ մեթոդներ կան տվյալ հիվանդության բուժման համար՝ անկախ այն հանգամանքից՝ ինքը կարող է իրականացնել այդ բուժումը կամ վիրահատական միջամտությունը: Այսօր դա ևս մեր իրականության տխուր կողմերից է, որ բժիշկներն առաջարկում են միայն իրենց կենտրոնում առկա հնարավորությունները՝ հիվանդին չտեղեկացնելով, որ կան նաև այլ մեթոդներ: Բժշկի կոչումը հիվանդին բուժելն է, և նա պարտավոր է հիվանդին ներկայացնել ու առաջարկել բոլոր հնարավոր միջոցները:

- Այսօր մարդիկ ավելի հաճախ են դիմում աչքի վիրահատության մեթոդին՝ հրաժարվելով ակնոցներ, լինզաներ կրելուց: Որքանո՞վ է արդյունավետ լազերային վիրահատությունը աչքի բարձր աստիճանի կարճատեսության, հեռատեսության կամ աստիգմատիզմի դեպքերում:

- Մեր կենտրոնում կատարվում են լազերային վիրահատություններ կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի դեպքերում և շատ արդյունավետ: Ունենք արդեն տարիներին փորձ այդ ուղղությամբ: Ձեռք ենք բերել ամերիկյան արտադրության վերջին սերնդի լազերային սարքավորում, որը մեզ թույլ է տալիս կատարել վիրահատություններ ցանկացած աստիճանի կարճատեսության և հեռատեսության դեպքերում: Եթե մինչ այդ սարքավորումն ունենալը, մենք վիրահատություններ էինք իրականացնում մինչև (+-)7-8-9 դիոպտրիայի դեպքերում, ապա այժմ կարող ենք անել (+-)20-ի դեպքում:

- Այդ սարքավորումը միայն Ձեր կենտրոնն ունի՞:

- Իմ տեղեկատվություններով՝ այո, միայն մեր կենտրոնում կա այդ սարքը, որի շնորհիվ՝ կատարվում է ամենաժամանակակից և արդյունավետ LASIK կոչված վիրահատությունը, ինչպես նաև ունենք համապատասխան մասնագետ: Պետք է նշեմ, որ աչքի վիրաբուժության բնագավառում մասնագիտական բարձր որակները շատ կարևոր են, քանի որ այստեղ թույլ տրված անգամ փոքրիկ սխալը կարող է անդառնալի լինել:

- Պարոն՛ Մալայան, այսօր ակնոցներից հրաժարվելու մի տարբերակ է նաև կոնտակտային լինզաներ կրելը: Դրանք որքանո՞վ են արդյունավետ միջոց:

- Կոնտակտային լինզաները շատ լավ միջոց են լավ տեսողություն ունենալու համար: Այստեղ մենք երկու խնդիր ենք լուծում: Առաջին՝ չի երևում, որ մարդը ակնոց է կրում, երկրորդ՝ նա ավելի լավ տեսողություն է ունենում, քան ակնոցով, քանի որ այն աչքի հետ կազմում է մեկ օպտիկական միջավայր: Սակայն լինզաներն էլ ունեն իրենց ցուցումները: Ոչ բոլոր դեպքերում են դրանք խորհուրդ տրվում: Եթե հիվանդի մոտ կա խրոնիկական բորբոքային վիճակ, շատ հաճչախ լինզան առաջացնում է գրգռված վիճակ և կարող է ալերգիկ ազդեցություն ունենալ:

Կան երկու տեսակի լինզաներ՝ փափուկ և կոշտ: Ամենատարածվածը փափուկ լինզաներն են, որոնք իրենց փափկության, թթվածնի անցկացման կլանման և աչքի առաջնային մակերեսի սնուցման շնորհիվ՝ ավելի նախընտրելի են: Սակայն շատ հաչախ փոփուկ լինզաները չեն օգնում, երբ եղջրաթաղանթն է վնասված լինում, որից այն սկսում է ձևափոխվել: Խոսքը կերատոկոնուս հիվանդության մասին է:

- Կոշտ լինզաներն օգտագործվում են հատուկ դեպքերում: Մեզ մոտ գործում է լաբորատորիա, որը արտադրում է կոշտ լինզաներ: Դա միակ լաբորատորիան է Հայաստանում:

Կերատոկոնուս հիվանդությամբ մեզ դիմողների թիվը մի քանի անգամ մեծացել է, ինչը կարող ենք կապել բուժման այն հնարավորությունների հետ, որոնք ստեղծված են մեր կենտրոնում:

- Պարո՛ն Մալայան, ինչ՞ է իրենից ներկայացնում կերատոկոնուս հիվանդությունը, որը կարծես թե բավականին մեծ տարածում ունի հանրապետությունունում: Որն՞ է հիվանդության առաջացման և զարգացման պատճառը:

- Հիվանդության տարածվածության մասին չեմ կարող հստակ տվյալներ ասել, քանի որ նման հետազոտություն չի կատարվել: Սակայն կարող եմ փաստել, որ այդ հիվանդությամբ մեզ դիմողների թիվը մի քանի անգամ մեծացել է, ինչը աևրող ենք կապել բուժման այն հնարավորությունների հետ, որոնք ստեղծված են մեր կենտրոնում:

Կերատոկոնուս հիվանդության ժամանակ աչքի եղջրաթաղանթը, որ նորմալ պայմաններում սֆերիկ է, սկսում է արտափքվել, ստանալ ձագարի տեսք, որը կարող է պայթել: Առաջացման պատճառը բնածին է. Մարդը ծնվում է գենետիկ շարակցահյուսվածքային համակարգի անբավարարվածությամբ:

Այն կարող է ի հայտ գալ վաղ մանկական հասակում՝ 7-10 տարեկանում, բայց հիմնականում սկսում է արտահայտվել 15-18, մինչև 25 տարեկան հասակում: Այդ վիճակում մարդը վատ է տեսնում և՛ ակնեղցներով, և՛ լինզայով:

Եթե հիվանդությունը հայտնաբերվում է զարգացման վաղ փուլում, ապա մեզ մոտ կատարվում է բավականաին արդյունավետ բուժում դրա զարգացումը կանխելու և բուժելու ուղղությամբ: Իսկ երբ եղջրաթաղանթն արդեն պղտորված է լինում, ապա այդ ժամանակ կատարվում է պատվաստում: Դա բավականին բարդ վիրահատություն է, քանի որ հնարավոր է օրգանիզմը չընդունի նոր տեղադրված եղջրաթաղանթը: Պահանջվում է հետևողականությունև խնամք՝ բժշկի հսկաղության ներքո: Դա համարվում է պլաստիկ վիրահատություն:

Պետք է նշեմ, որ կերատոկոնուսի բուժման շատ լավ արդյունքներ են արձանագրվել մեր կենտրոնում: Մենք հիվանդներ ունենք, որոնց 10-12 տարի առաջ ենք վիրահատել և մինչ այսօր նրանց վիճակը կայուն լավ է:

- Մենք ապրում ենք համակարգչային դարաշրջանում, և նույնիսկ երեխաներն են այսօր նախընտրում համակարգչով լցնել իրենց ժամանակը: Դա որքանո՞վ է պատճառ տեսողական խնդիրների առաջացման և զարգացման համար:

- Նախ ուզում եմ նշել, որ համակարգիչը չի առաջացնում տեսողական խնդիր, դա մասնագիտական պատասխան չի կարող լինել, ինչը շատ հաճախ կարելի է լսել լրատվամիջոցների տարածած տեղեկություններում:

Չի կարելի ասել, որ կարդալը, գրելը, հեռուստացույցը, համակարգիչը առաջացնում են կարճատեսություն: Թվարկված երևույթները կարող են արդեն առկա տեսողական խնդրի զարգացման խթան լինել: Եթե աչքերը երկար ժամանակ լարված վիճակում են լինում, պատկերավոր սած՝ սթրես են ապրում, ապա դա խթանում է առկա խնդրի զարգացմանը: Պետք է ընդմիջումներով օգտվել համակարգչից, այդ դեպքում որևէ խնդիր չի առաջանա: Նաև անհրաժեշտ է համակարգչի էկրանը մի քանի տարի օգտագործելուց հետո փոխարինել նորով, քանի որ նրանում առկա պաշտպանիչ շերտը ժամանակի ընթացքում քայքայվում է:

Մի նկատառում ևս՝ մեզանում շատ հաճախ փոքր բնակարանում կարելի է տեսնել շատ մեծ հեռուստացույց, ինչը նույնպես անթույլատրելի է: Այսինքն՝ եթե համակարգչային դարում ապրես չափավորության սկզբունքով, ապա որևէ խնդիր չես ունենա: Հին հույներն ասում են. «Միջին չափի մեջ է երջանկությունը»:

Իմ թոռնիկն էլ ինձ չի լսում, ժամերով նստում է համակարգչի առջև:

- Մենք գիտենք, որ Ձեր համագործակցության շրջանակները շատ լայն են: Վերջին շրջանում ինչ՞ կարևոր ձեռքբերում եք ունեցել այֆ համագործակցությունների արդյունքում:

-Այո՛, մեր կենտրոնը համագործակցում և նաև փորձի փոխանակում է իրականացնում իր արտասահմանյան գործընկերների հետ: Մենք համատեղ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում: Երկու տարի առաջ մեր ԱՄՆ-ի կոլեգաների հետ համատեղ՝ մեզ հաջողվեց հայտնաբերել ցանցաթաղանթի ախտահարումը, որը եթե ժամանակին չհայտնաբերես և լազերով չսահմանափակես, կարող է տարածվել և հանգեցնել կուրության: Այսօր կատարվում է վիրահատություն, որի շնորհիվ՝ երեխայի մոտ պահպանվում է տեսողությունը:

- Մեր հանրապետությունում գործող ակնաբուժական ծառայությունները համադրելի՞ են եվրոպական որակի չափանիշի հետ:

-Ես կարող եմ, մասնավորապես, մեր կենտրոնի մասին խոսել: Ներկայումս չկա վիրահատության այնպիսի մի ձև, որը չիրականացվի մեր կենտրոնում:

-Որ՞ խնդիրը կառանձնացնեիք Հայաստանի առողջապահության ոլորտում, որի լուծումը շատ եք կարևորում:

- Շատ կարևոր խնդիր է առողջապահության ոլորտի պետական ապահովագրությունը: Դա կարևորում եմ, քանի որ որքան էլ գործում է պետպատվերը, որքան էլ մենք մեր միջոցներով ենք փորձում օգնել մեր ազգաբնակչությանը, միևնույնն է, պետության միջոցները այդքան մեծ չափերի չեն հասնում, որ հասանելի լինեն բոլոր կարիքավորներին, ովքեր դրա կարիքն ունեն: Խնդիրը մասամբ կլուծվի պետական ապահովագգրության առկայության դեպքում:

- Պարո՛ն Մալայան, որն է Ձեզ համար ամենակարևոր հաջողությունը:

-Ինձ համար ամենակարևոր հաջողությունը մեր բժշկական կենտրոնի արժանապատվությունն է, 37 տարվա գործունեության ընթացքում ազգաբնակչության կողմից արժանացած վստահությունը, ինչը աշխատում ենք պահպանել մեր աշխատանքով: Իմ անձնական հաջողությունն իմ երկու աղջիկներն են ու երկու թոռնիկները:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer