Աչքի կառուցվածքը

07 մարտի 2016 | Ախտորոշում | Цитата

Աչքը (լատ.՝ oculus) տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինն է: Այն կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից: Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը:

Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից: Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներին աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում է արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մակերեսները, տաքացնում աչքը: Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին երեսները: Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մենք կարողանում ենք փոխել հայացքի ուղղությունը:

Ակնագունդը գտնվում է գանգի ակնակապիճում: Արտաքինից ակնագունդը պատված է սպիտակուցային թաղանթով, որը նրան տալիս է որոշակի ձև, պաշտպանում քիմիական, մեխանիկական ներգործություններից, օտար մասնիկների և մանրէների ներթափանցումից: Սպիտակուցային թաղանթն աչքի առջևի մասում շարունակվում է որպես թափանցիկ եղջերաթաղանթ, որն անցկացնում է լույսի ճառագայթները: Սպիտակուցային թաղանթի տակ գտնվում է արյունատար անոթներով և նյարդերով հարուստ անոթաթաղանթը, որի միջին մասը կազմում է թարթչային մարմինը, իսկ առջևի մասը՝ ծիածանաթաղանթը: Այն գտնվում է եղջերաթաղանթի դիմաց և կարող է տարբեր գույն ունենալ, որը պայմանավորված է նրանում պարունակվող գունակի քանակով ու տեղաբաշխումով: Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ բիբը: Լույսի ճառագայթների քանակից կախված՝ բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ: Թույլ լուսավորության ժամանակ բիբը ռեֆլեքսորեն լայնանում է, վառ լուսավորության դեպքում՝ նեղանում:

Բբի անմիջապես հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որն ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև, շրջապատված է նուրբ պատյանով, որից բարակ թելեր են գնում դեպի թարթչային մարմին: Ակնաբյուրեղը հեշտությամբ փոխում է կորությունը, որը նպաստում է տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները տեսնելուն: Այն ակնագնդի ամենաուժեղ լուսաբեկիչ միջավայրն է: Ակնագնդի ներսի մասը լցված է թափանցիկ, դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով:

Ակնագնդի ներքին թաղանթը կոչվում է ցանցաթաղանթ: Այն աչքի լուսազգաց պատյանն է, ունի բազմաշերտ բարդ կառուցվածք: Ցանցաթաղանթում գտնվում են լուսա-գունազգաց ընկալիչներ, տեսողական գունակներ սինթեզող բջիջներ և նեյրոններ: Լուսաընկալիչները կառուսցվածքով և ֆունկցիաներով իրարից տարբերվող ցուպիկները և սրվակներն են: Ցուպիկները (մոտ 130 մլն) գրգռվում են նույնիսկ թույլ լույսով և գույնն ընկալելու հատկություն չունեն, իսկ սրվակները (մոտ 7 մլն) գրգռվում են պայծառ լույսով և ընկալում գույնը:

Ցուպիկները հավասարաչափ են տեղաբաշխված ցանցաթաղանթում: Ցանցաթաղանթի մեջտեղում բբի դիմաց, գտնվում է սրվակների մի կույտ՝ դեղին բիծը: Ուստի մենք առավել հստակ տեսնում ենք այն առարկաները, որոնք գտնվում են բբի դիմաց: Ցանցաթաղանթի նյարդային բջիջների երկար ելուստները կազմում են տեսողական նյարդը: Ցանցաթաղանթից նար դուրս գալու տեղում չկան լուսաընկալիչ բջիջներ, ուստի այդ հատվածը կոչվում է կույր բիծ:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer