Պտոզը երեխաների մոտ

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկան մեծ փորձ ունի ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի պտոզի վիրահատման գործում:

Պտոզը վերին կոպի կախվածությունն է, որը կոսմետիկ խնդիր է և կարող է բերել աչքի տեսողական ֆունկցիաների այս կամ այն չափի սահմանափակման: Բնածին պտոզը վերջին տարիներին բավական հաճախ հանդիպող պաթոլոգիա է: Ավելի հաճախ է հանդիպում միակողմանի բնածին պտոզը: Բուժումը միայն վիրահատական է:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր կլինիկայում կատարվում են պտոզի ուղղման 2 տեսակի վիրահատություններ՝ կոպը բարձրացնող մկանի ուժեղացում (եթե մկանը ունի մասամբ պահպանված ֆունկցիա, այսինքն առկա է կոպի մասնակի շարժունակություն) և կոպի բարձրացում սիլիկոնային լարի միջոցով (եթե մկանի ֆունկցիան բացակայում է, այսինքն լիովին բացակայում է կոպի շարժունակությունը):

Նախկինում էլ տարիներ շարունակ կիրառվում էին պտոզի ուղղման վիրահատություններ՝ օգտագործվելով ազդրի փակեղը կամ կարեր, որոնք ձգում էին կոպը դեպի ճակատային մկանը: Սակայն հաճախ էին նաև բարդությունները՝ ընդհուպ մինչև թելերի օտարումը:

Ներկայումս Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է միակը տարածաշրջանում, որտեղ շուրջ 9 տարի կատարվում է ծանր աստիճանի պտոզի ուղղում աշխարհում լավագույնը հանդիսացող սիլիկոնային լարերի միջոցով:

Բնածին պտոզի հիմնական բարդությունը տեսողական ֆունկցիայի իջեցումն է՝ ամբլիոպիան, որն առաջանում է լույսի՝ դեպի ակնահատակ ներթափանցման խանգարման հետևանքով: Եթե առկա է ամբլիոպիայի առաջացման վտանգ, ապա պտոզի ուղղման վիրահատություն կարելի է կատարել 8 ամսականից սկսած: Հակառակ դեպքում լավագույնն է համարվում նախադպրոցական տարիքը:

Եթե նախկինում պտոզի բուժման արդյունքները ոչ միշտ էին լիարժեք, ապա այժմ վստահորեն կարելի է ասել, որ բուժումը տալիս է ցանկալի արդյունք, քանի որ սիլիկոնային լարերի կիրառման դեպքում հնարավոր է ավելի ճշգրիտ հաշվարկել կոպի դիրքը և խուսափել լագօֆթալմից (նապաստակի աչք), որի դեպքում աչքը լիարժեք չի փակվում նույնիսկ քնելիս:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer