Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքում կատարվում է աչքի առաջնային ստուգում, ախտորոշում, ինչպես նաև բուժում:

07 հունիսի 2016 | Բաժանմունքներ, ԽԱԲ | Цитата

Ս.Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքում կատարվում է աչքի առաջնային ստուգում, ախտորոշում, ինչպես նաև բուժում՝ քանի դեռ դեպքը վիրահատելի չէ: Բաժանմունքում իրականացվում են նաև մի շարք թերապևտիկ, էնդոկրին, լաբորատոր հետազոտություններ, իսկ մասնագիտացված՝ մանկական և հղիներին սպասարկող սենյակներում այցելուները հետազոտմանը և բուժմանը զուգահեռ արժանանում են հոգատար վերաբերմունքի:

Աչքի հիվանդությունների առաջնային ախտանշանների դեպքում շտապ բժշկի դիմելիս տեսողական օրգանը չվնասելու հավանականությունը ինչ-որ չափով մեծանում է: Բայց… Ո՞ւր դիմել, երբ չես գիտակցում, թե ինչ խնդիր է առաջացել և որ ակնաբույժին է պետք դիմել: Նման իրավիճակում հայտնված հիվանդներին Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած Խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքում (ԽԱԲ) դիմավորում են և ուղղորդում են բարձրակարգ ակնաբույժները: Այստեղ կատարվում է ակնային հիվանդությունների առաջնային ախտորոշում, բուժում, իրականացվում են նաև ամբուլատոր վիրահատություններ: Իսկ անհարժեշտության դեպքում, երբ հիվանդությունը զարգացել է այնքան, որ գլաուկոմայի, կատարակտի կամ այլ վիրահատության կարիք կա, հիվանդն ուղարկվում է նույն կլինիկայի համապատասխան բաժանմունք: Որոշ հիվանդությունների դեպքում Խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքի բժիշկները համագործակցում են նեղ մասնագետների հետ՝ իրականացնելով համատեղ բուժում:

Խորհրադատվական ախտորոշիչ բաժանմունքում գործող մի շարք ծառայություններ նպաստում են հիվանդությունների արագ բացահայտմանը և կանխմանը: Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում կատարվող վիրահատություններից առաջ այստեղ են արվում թերապևտիկ, էնդոկրին հետազոտությունները: ԽԱԲ-ում գործում են նաև ախտորոշիչ կլինիկական, բակտերիոլոգիական լաբորատորիաները, ռենտգեն կաբինետը, ուլտրաձայնային հետազոտության սենյակը: Ակնահատակի փոփոխությունների, շաքարային դիաբետի, հիպերտոնիայի և մի քանի այլ խնդիրների դեպքում ԽԱԲ-ում կատարվող լազերային միջամտությունները հնարավորություն են տալիս կանխել զարգացող հիվանդությունը: Ակնային բնածին հիվանդություններից մինչև տարբեր հիվանդությունների պատճառով ձեռք բերված ակնային խնդիրները հետազոտվում ու ախտորոշվում են ԽԱԲ-ում. «Մեր բաժանմունքում, ի տարբերություն կոնկրետ ուղղվածության բաժանմունքների, հանդիպում են գրեթե բոլոր ակնային հիվանդությունները, ինչպես պոլիկլինիկաներում է: Շնորհիվ մեր սարքավորումների՝ կատարվում են շատ ավելի խորը հետազոտություններ, այն է՝ ակնահատակի զննում, ստուգում ենք աչքի բոլոր հատվածները, եղջերաթաղանթի բեկման ուժը, աչքի օպտիկական ուժը», - ասում է ԽԱԲ-ի վարիչ, ակնաբույժ Դիանա Մարգարյանը:

Բաժանմունքում հատկապես մեծ ուշադրություն են դարձնում երեխաների և ապագա մայրերի ակնային հիվանդությունների բացահայտմանն ու բուժմանը, քանի որ այս երկուսն այն խմբերն են, որոնց հիվանդությունները, ժամանակին բացահայտելու և կանխելու դեպքում, կարելի է ունենալ անխավար աչքի լույսով ապագա: Մանկական սենյակում իրականացվում է օրտոպտոպլեոպտիկ բուժում, որն ուղղված է տեսողության ավելացմանը, շլության, կարճատեսության բուժմանը՝ մի խումբ ապարատային բուժումների միջոցով: Նույն խնդիրների լուծմանն են ուղղված նաև Ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրանները՝ դեղորայքի օգտագործմամբ: Մանկական սենյակում են ստուգվում երեխաների օպտիկական, բնածին խնդիրները: Անհրաժեշտության դեպքում հսկվում, կատարվում է կոնսերվատիվ բուժում, արվում են արցունքատար ուղու զոնդավորումներ, ամբուլատոր միջամտություններ: Հիմնականում կատարվում են դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների զննում, տեսողության վերականգնում. «Դպրոցական տարիքը փորձում ենք չկորցնել: Անում ենք ակնոցային, դեղորայքային, ապարատային շտկումներ: Որոշ դեպքերում տեսողությունը կարգավորվում է, և ակնոց կրելու կարիք այլևս երեխաները չեն ունենում», - ասում է մանկական կաբինետի բժիշկ-ակնաբույժ Ռուզաննա Դիլանյանը: Ինչպես բոլոր ամբուլատոր պոլիկլինիկաներում, ԽԱԲ-ում ևս մինչև 7 տարեկան երեխաների զննումն ու բուժումը անվճար են:

Իսկ ահա հղիների մասնագիտացված սենյակում կատարվում է ինչպես մայրանալ պատրաստվող կանանց բուժում, այնպես էլ խորհրդատվություն. որոշվում է ծննդալուծման ճանապարհը՝ կեսարյան հատո՞ւմ, թե՞ ինքնուրույն ծննդաբերություն: Ինչպես նշում է հղիների մասնագիտացված սենյակի բժիշկ-ակնաբույժ Տաթևիկ Հակոբյանը՝ կեսարյան հատումը երբեք պարտադիր չէ, եթե նույնիսկ հղին բարձր կարճատես է: Ակնահատակում որևէ խնդիր չլինելու դեպքում նա կարող է ինքնուրույն ծննդաբերել: «Իսկ միջին կամ ցածր աստիճանի կարճատեսության դեպքում, երբ ակնահատակում կան պատռվածքներ, մենք ինքներս ենք նրանց կեսարյան հատման ուղարկում: Փոքր պատռվածքների դեպքում կարելի է ֆոտոլազերկոագուլացիայի միջոցով սահմանափակել օջախը և թույլ տալ, որ ինքնուրույն ծննդաբերի, բայց դրա համար անհրաժեշտ է, որ հղին բժշկի դիմի գոնե ծննդաբերությունից մեկ ամիս առաջ»: Հղի կանայք հետազոտման են դիմում գինեկոլոգների ուղեգրերով: Քանի որ, ինչպես մասնագետն է նշում, օրինակ՝ տոքսիկոզով ընթացող հղիության դեպքում կարող են լինել արնազեղումներ: Ստուգվում են նաև քրոնիկական հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, հիպերտոնիա, ներգանգային ճնշման կասկած ունեցող հղիները: Ակնահատակի զննումով, որտեղ երևում են արյան բոլոր անոթները, հնարավոր է պատկերացում կազմել ամբողջ օրգանիզմի վիճակի մասին:

Խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքում պետպատվերի հնարավորություն  ունեցող այցելուները, սոցփաթեթի շահառուները, առողջապահության նախարարության, ռազմաբժշկական վարչության ուղեգրով հիվանդները սպասարկվում են անվճար կամ համավճարով:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer