Վիրաբուժությունը պաշտոն չէ, այն կոչում է, որին պետք է արժանանալ…

12 հուլիսի 2017 | Նորություններ | Цитата

Վիրաբուժությունը պաշտոն չէ, այն կոչում է, որին պետք է արժանանալ… Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի տնօրեն, ՀՀ Առողջապահության Նախարարության գլխավոր ակնաբույժ, ԵՊԲՀ-ի Մ.Հերացու անվան ակնբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան

Նրա աշխատանքի ու մարդասիրական գործունեության մասին խոսում են բոլորը, նրա ձեռքերով վերականգնվում է շատերի համար կյանքից էլ թանկը` աչքի լույսը: 40 տարվա ընթացքում Ալեքսանդր Մալայանին իրենց առողջությամբ ու աչքի լույսով պարտական են հազարավոր մարդիկ: Նա հրաշքներ գործեց այն դեպքերում, երբ ամեն ինչ կորած էր թվում ու իրականացրեց այն, ինչը շատերի համար անհնար էր: Սակայն նույնիսկ այսօր, երբ 4 տասնամյակի աշխատանքային փորձ ունեցող հանրապետության գլխավոր ակնաբույժը վիրահատարան է մտնում՝ պատասխանավտությունը նույնն է, ինչ 40 տարի առաջ, երբ Վարդենիսում կատարեց առաջին ինքնուրույն վիրահատությունը:

- Գնացի Վարդենիս աշխատելու: Այնտեղ ակնաբույժ չկար ընդհանրապես: Բայց ես այն մտադրությամբ էի գնացել, որ ակտիվ աշխատելու եմ եւ առաջին վիրահատությունները հիշում եմ բավական լավ: Մինչ այդ վիրահատություները միշտ օգնականների հետ էի արել: Իսկ այնտեղ ես ամեն ինչ էի ե՛ւ բժիշկ ե՛ւ ասիստենտ ե՛ւ օպերացիոն քույր ե՛ւ սովորական քույր ե՛ւ բուժող բժիշկ: Բացարձակ մենակ: Դրա համար նույնիսկ վիրահատությունների թիվն եմ հիշում, որոնք կատարեցի մեկ տարվա ընթացքում՝ 139: Հիմնականում կատարակտի դեպքեր էին,-պատմում է բժիշկը:

Ալեքսանդր Մալայանը խուսափում է իրեն բնորոշող բոլոր հարցերից, մինչդեռ հենց նրա աշխատանքի հետեւում են հայկական ակնաբուժության ոլորտի ամենալուրջ ձեռքբերումները: Դրանք նորամուծություններ էին, որոնք այդ ոլորտում ու մարդկանց կյանքում իրավիճակ փոխեցին: 1980-ակաների սկզբից հենց նա կատարեց վիրահատություններ, որոնք Հայաստանում դեռ չէին արվել: Հանրապետությունում ներդրվեց աչքի միկրովիրաբուժությունը, որը ժամանակին երազանք էր: Կենտրոնի 39-ամյա պատմության մեջ հնարավոր եղավ առաջին անգամ Հայաստանում կատարել հիմնային վիրաբուժական միջամտություններ՝ արհեստական ոսպնյակի իմպլանտացիա, եղջերաթաղանթի փոխպատվաստում /կերատոպլաստիկա/, ապակենման մարմնի փոխանակում, արհեստական եղջերաթաղանթի տեղադրում, արցունքապարկի պլաստիկ վիրահատություններ, կատարակտի վիրահատություն՝ լազերային մեթոդով, բազմաթիվ նորագույն ախտորոշիչ մեթոդների ներդնում, առաջին անգամ կիրառվեց ցանցաթաղանթի հետտրավմատիկ հետևանքները: Այս ամենի մասին խոսում է պարզությամբ, առանց կարեւորելու իր աշխատանքը: Ո՞րն էր ամենաբարդ վիրահատությունը՝ դժվարանում է ասել: Խոստովանում է. մինչեւ հիմա էլ յուրաքանչյուր վիրահատության պատրաստվում է միեւնույն պատասխանատվությամբ:

- Նույն վիրահատությունը, որը քո համար առաջին հայացքից հասարակ է, կարող է լինել ամենաբարդը: Ամեն վիրահատություն ունի իր մոտեցումը: Դու պետք է ե՛ւ ուշադիր ե՛ւ հատուկ ձեւով մոտենաս ցանկացած վիրահատությանը: Պետք է պատրաստվել թե՛ հոգեպես թե՛ գաղափարապես, հակառակ դեպքում նույնիսկ ամենափոքր վիրահատությունը, որը դու արհամարհում ես, քեզ կուլ կտա: Բժշկության մեջ չկան դոգմաներ, սակայն կան հստակ ու անվիճելի ճշմարտություններ, օրինակ, Հիպոկրատի <Մի՛ վնասիր>-ը,-վստահ է Ալեքսանդր Մալայանը:

Հիմա ադմինիստրատիվ ու հասարակական աշխատանքը խլում է ժամանակի մեծ մասը, սակայն երբ ժամանակը թույլ է տալիս՝ մտնում է կենտրոնում իր համար ամենահարազատ ու սիրելի վայրը՝ վիրահատարան: Ասում է՝ վիրաբուժությունը պաշտոն չէ: Այն մարդուց խլել հնարավոր չէ: Այն կոչում է, որին պետք է արժանանալ քրտնաջան աշխատանքով:

Ալեքսանդր Մալայանի աշխատանքը կապված է Հայաստանի կյանքի կարեւոր բոլոր իրադարձությունների հետ: Այսօրվա նման է հիշում 1988-ի երկրաշարժն ու այն օրերի հիվանդների հոսքը: Անասելի շատ էին մարդիկ, որոնց չէր կարելի թողնել առանց տեսնելու հնարավորության:

-Այդ տարիներին գիշեր-ցերեկ էինք աշխատում: Օրվա մեջ մի քանի ժամ էի տանը լինում: Սակայն այդ օրն առավոտից ինձ վատ էի զգում, լարված էի ու վեր կացա, գնացի տուն: Հետո, բնականաբար, եկա, ու սկսվեց տուժածների հոսքը: Հիվանդանոցը դարձել էր հոսպիտալ, այստեղ էին բերում հարյուրավոր հիվանդներին: Հետո ես եւս մեկնեցի դեպքի վայր,-պատմում է հանրապետության գլխավոր ակնաբույժը:

Արցախյան պատերազմի օրերին Երեւանում անտարբեր նստել Ալեքսանդր մալայանը չկարողացավ: Այնտեղ աչքի վիրահատություններ չէր անում, հնարավորություն չկար: Ակնաբույժը դարձել էր ընդհանուր վիրաբույժ:

-Ակնային խնդիրներ ունեցողներին տեղափոխում էինք այստեղ ու մեր կենտրոնը դարձել էր հոսպիտալ, ոչ թե ակնաբուժական կլինիկա: 100-120 ազատամարտիկ այստեղ հոսպիտալացված էին տարիներով: Իսկ Արցախում աչք վիրահատելու պայման չկար: Վիրահատում էինք հրազենային վնասվածքներ, անհրաժեշտ էր առաջին հերթիկ զինվորի կյանքը փրկել: Եվ, ի դժբախտություն մեզ, այդ տարիներին մենք շատ հաշմանդամներ ունեցանք՝ հենց աչքի հետ կապված,-հիշում է Ալեքսանդր Մալայանը:

Ռազմական բժիշկ դարձած ակնաբույժը կարողացավ փրկել շատերի կյանքն ու առողջությունը:

-  Չէի կարող այդ ամենին մասնակցություն չունենալ, սակայն ես չեմ սիրում խոսել, հանրայնացնել ամեն ինչ: Խոսում եմ բավականաչափ, սակայն ոչ շատ: Չէ՞ որ դա բժշկին չի սազում: Բժշկությունը շատ խոսակցություններ չի սիրում: Դու բժիշկ ես, դու պետք է քո գործն անես, նույնիսկ եթե քո դիմաց քո երեխան է, միեւնույն է՝ դու կրկին բժիշկ ես: Վերջերս թոռնիկս դպրոցում ընկել էր, ծնոտը պատռվել էր: Ես կարեցի: Որքան էլ դժվար էր՝ ես նրա համար բժիշկ էի, նա ինձ համար՝ հիվանդ: Հետո...հետո արդեն դու ինչ ուզում ես եղիր: Ես ինձ ասացի՝ դու բժիշկ ես ու պիտի անես,-պատմում է Ալեքսանդր Մալայանը:

Բժիշկը դեռ չի որոշել վիրահատական գործիքները վայր դնել ու ձեռքը վերցնել գրիչը, թեեւ երբեմն հուշեր գրելու ե՛ւ մտադրություն է ունենում ե՛ւ առաջարկները քիչ չեն: Երազանքները կապված են իր գործի ու ընտանիքի հետ: Գլխավոր խնդիրն է՝ աչքի լույսի նման պահել մարդկանց աչքերին լույս տվող այն կենտրոնը, որը կրում է կենտրոնի հիմնադրի՝ այդ տարիների գլխավոր ակնաբույժ իր հոր՝ Սերգեյ Մալայանի անունը: Նույն կենտրոնը արդեն տասնամյակներ ղեկավարում է ինքը եւ որտեղ այսօր աշխատում են նաեւ իր դստրերը:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer