«Դուք իսկապես լույս եք բերել հայի աչքերին». Լևոն Ալթունյան

28 հուլիսի 2017 | Նորություններ | Цитата

«25 տարի շարունակ դուք եկել եք ձեր նախաձեռնություններով։ Այսօր մեր նախաձեռնությամբ հրավիրել ենք շնորհակալություն հայտնելու 25-ամյա բեղմնավոր ձեր գործունեության համար։ 1992 թվականին դուք հանդես եք եկել մի նախաձեռնությամբ, որն իսկապես լույս է բերել հայի աչքերին` մեր հայրենակիցներին հնարավորություն տալով տեսնելու և ապրելու լիարժեք կյանքով»,- ընդունելով Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանիսյանի գլխավորած բազմանդամ պատվիրակությանը` ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Պատվիրակության թվում էին ինչպես ԱՄՆ-ի, ՄԵծ Բրիտանիայի և այլ երկրների ճանաչված ակնաբույժներ, ովքեր երկար տարիներ մասնագիտական անգնահատելի աջակցություն են ցուցաբերում նախագծին, այնպես էլ ծրագիրը քաջալերող և ֆինանսավորող բարերարներ։ Նախարարն ընդգծել է, որ Հայկական ակնաբուժության նախագծի կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ ակնաբուժությունն այսօր Հայաստանում առաջատար ոլորտներից մեկն է։ Նա կարևորել է նաև ՀԱՆ-ի հայաստանյան թիմի` գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանի և բժշկական տնօրեն Ալեքսանդր Մալայանի ներդրումը։

ՀԱՆ-ի նախագահ Ռոջեր Օհանիսյանը ևս բարձր գնահատելով Հայաստանում աշխատող թիմի և հայ բժիշկների գործունեությունը` խոստովանել է, որ շատ դեպքերում ծրագրերն իրականացվել են Ալեքսանդր Մալայանի հորդորով, քանի որ նա ավելի քաջատեղյակ է եղել երկրի կարիքների և առաջնահերթ խնդիրների մասին։ Նախարարին ներկայացվել են Հայաստանում ակնաբուժական կլինիկաների ծավալման, Մանկական կուրության կանխարգելման բարձրակարգ կենտրոնի ստեղծման և դրանց աշխատանքների շարունակականության ապահովման, բժիշկների վերապատրաստման և այլ ծրագրերում առանցքային դերակատարություն ունեցող ճանաչված մասնագետները։

Լևոն Ալթունյանը Հայաստանի ամբողջ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել բոլորին անչափ կարևոր և երկարամյա առողջապահական ծրագրի իրականացման համար։ «Ես պարզապես խոսքեր չեմ գտնում հայ ժողովրդի երախտիքը Ռոջեր Օհանիսյանին հայտնելու համար։ Ձեր մարդասիրական առաքելության, Ձեր հայրենանվեր գործունեության հանդեպ որևէ մեկը չի կարող անտարբեր գտնվել»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Ռոջեր Օհանիսյանը և Ալեքսանդր Մալայանը պատվիրակության անունից շնորհակալություն են հայտնել նախարարին` ընդգծելով, որ նախագիծը, ի դեմս նախարարության, շարունակում է իր թիկունքին զգալ հուսալի գործընկերոջ աջակցությունը։ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանիսյանին, նախագծի բժշկական տնօրեն և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով: «Բժշկի համար ամենամեծ շնորհակալությունը հիվանդի գոհունակությունն է, վստահությամբ ու հավատով լի նրա հայացքը, աշակերտների հիացմունքը։ Այնուհանդերձ նախարարությունը ցանկացել է այս կերպ արտահայտել իր երախտիքը 25-ամյա գործունեությամբ արձանագրված ձեռքբերումների համար»,-ասել է Լևոն Ալթունյանը։
Նախարարը բարձր է գնահատել նաև նախագծի բոլոր բարերարների մարդասիրական և հայանվեր գործունեությունը։ 


www.aravot.am



Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Նորություններ
• 2017թ․-ի մայիսի 5-9 Լոս-Անջելեսում տեղի ունեցավ գրեթե բոլոր ակնաբույժների կողմից սպասված և էտալոն հանդիսացող հանրահայտ ASCRS հոբելյանական կոնգրեսը• Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համալրվել է մի շարք նոր սարքավորումներով, որոնցից շատերը միակն են Հայաստանում• Վիրաբուժությունը պաշտոն չէ, այն կոչում է, որին պետք է արժանանալ…• Վերջին նորարարությունը օպտիկական կոհերենտ շերտագրության ասպարեզում արդեն Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում`Canon OCT HS 100.• Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով• ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ ԻՐ ԵՐԵԽԱՅԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՊԱՎԻՆԵԼ Է - Ս.Վ.Մալայանի անվան Ականաբուժական կենտրոնի ակնաբույժներին• Համաժողով “Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները” թեմայով• Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողով՝ նվիրված ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի շարունակական համագործակցութունը Ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի հետ
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer