Ցանցաթաղանթի երակների խցանում (Թրոմբոզներ)

 

Ցանցաթաղանթի կենտրոնական երակի (ՑԿԵ) և ցանցաթաղանթի կենտրոնական երակի ճյուղի (ՑԿԵՃ) խցանման պատճառ է հանդիսանում թրոմբը:

(ՑԿԵ)-ի խցանման ժամանակ թրոմբը գոյանում է մաղանման թիթեղի շրջանում, իսկ (ՑԿԵՃ)-ի խցանման ժամանակ՝ զարկերակ - երակային խաչման հատվածում ,որտեղ հաստացած զարկերակը ճնշում է ստորև գտնվող երակի պատը:

Սովորաբար զարգանում է 60-70 տարիքային խմբում: Հիմնական պատճառներն են հանդիսանում համակարգային հիվանդությունները, զարկերակային հիպերտենզիան, շաքարային դիաբետը, հիպերլիպիդեմիան, հիպերխոլեստերինեմիան, անոթների աթերոսկլերոզը, ճարպակալումը, ծխելը, բարձր ներակնային ճնշումը, արյան բարձր մակարդելիությունը (մածուցիկությունը), թրոմբոֆիլիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը, չարորակ նորագոյացությունները:

Հիվանդության ախտանշաններն են՝ մեկ աչքում տեսողության հանկարծակի և առանց ցավի վատացում: Կախված նրանից, թե խցանումը ինչպիսի ծավալ է ընդգրկում ՑԿԵ /ՑԿԵՃ, տեսողությունը կարող է լինել տարբեր՝ մատների շարժում դեմքի մոտից մինչև 1.0:

ՑԿԵ-ի և ՑԿԵՃ –ի խցանումները կարող են լինել՝ ոչ իշեմիկ և իշեմիկ:

ՑԿԵ խցանումը

ՑԿԵ ոչ իշեմիկ խցանումը հանդիպում է ավելի հաճախ և կազմում է մոտ 75%-ը:

Կլինիկական առանձնահատկությունները

Տեսողության սրության հանկարծակի միակողմանի իջեցումª աննշանից մինչև զգալի չափով:

Ակնահատակում լինում է ՝ցանցաթաղանթի երակների տարբեր աստիճանի լայնացում և ծռմռվածություն, կետային կամ լայնածավալ արյունազեղումներ' ‹‹ճզմած լոլիկի››ախտանիշ, ցանցաթաղանթի բոլոր չորս քառորդներում, երբեմն հանդիպում են բամբականման օջախներ: ՏՆՍ-ի և մակուլայի չափավոր այտուց:

Հիվանդության ընթացքը բնութագրվում է սուր դրսևորումների անհետացմամբ 6-12 ամսվա ընթացքում: 50% դեպքում հնարավոր է անցում իշեմիկ ձևին 3 տարվա ընթացքում:

Ելքը բարենպաստ է, եթե հիվանդությունը չի անցնում իշեմիկ ձևին:

ՑԿԵ իշեմիկ խցանումը

Կլինիկական առանձնահատկությունները

Դրսևորվում է տեսողության միակողմանի, հանկարծակի և կտրուկ վատացմամբ: Տեսողության վատացումը հիմնականում անվերադարձ է:

Ակնահատակում լինում է ՑԿԵ-ի բոլոր ճյուղերի արտահայտված ծռմռվածություն և կանգ, լայնածավալ արյունազեղումներ' ‹‹ճզմած լոլիկի›› ախտանիշ, բազմաթիվ բամբականման օջախներ, ՏՆՍ-ի և մակուլայի արտահայտված այտուց, մակուլյար արյունազեղումներ:

Սուր շրջանի դրսևորումները անցնում են 9-12 ամսվա ընթացքում:

Ելքը ծայրահեղ անբարենպաստ է կապված մակուլայի իշեմիայի, էպիռետինալ երբեմն էլ նաև սուբռետինալ ֆիբրովասկուլյար թաղանթի գոյացման հետ:

Ծիածանաթաղանթի ռուբեոզը երկրորդային նեովասկուլյար գլաուկոմայի զարգացմամբ դրսևորվում է 50% դեպքում 2-ից 4 ամսվա ընթացքում:

ՑԿԵ խցանման բուժումը

Պահանջվում է համալիր բուժում ՝

Զարկերակային ճնշման հսկողություն

Արյան մակարդելիության (մածուցիկության) նվազում

Տեղային

Ստերոիդների (Ozurdex, Kenalog) և անոթային էնդոթելի աճի գործոնն ընկճող պրեպարատների (Avastin, «Lucentis, Eylea ) ինտրավիտրէալ ներարկումներ

Ցանցային ֆոտոլազերկոագուլյացիա մակուլայի այտուցը նվազեցնելու համար

Պանռետինալ Ֆոտոլազերկոագուլյացիա առաջային նեովասկուլյարիզացիայի պրոֆիլակտիկայի և երկրորդային նեովասկուլյար գլաուկոմայի պրոֆիլակտիկայի համար:

Հետին փակ վիտրէկտոմիա ինտրավիտրեալ արյունազեղումների առկայության դեպքում:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer