Հարցազրույց գլաուկոմայի բաժնի վարիչ, դոցենտ Լիլիթ Ոսկանյանի հետ

18 մարտի 2014 | Գլաուկոմա | Цитата

“Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը” համալրվեց վերջին սերնդի Visante OCT 1000 (Zeiss) նորագույն սարքավորմամբ, որը միակն է Հայաստանում: Ակնային կոհերենտ շերտագիրը նախատեսված է աչքի առաջնային հատվածի հետազոտության համար: Այն հնարավորություն է տալիս բժշկին հետազոտել աչքի առաջնային հատվածն ամբողջությամբ՝ եղջերաթաղանթ, լիմբի և հարակից սկլերայի գոտի, աչքի առաջնային խցիկի անկյուն, ծիածանաթաղանթ, նաև ոսպնյակ և ներերակային արհեստական ոսպնյակ:

Գլաուկոմայի հետազոտման և բուժման ընթացքի մեջ եվրոպական զարգացած երկրներում նորագույն մեթոդ հանդիսացող այս սարքավորման առկայությունը մեծ ձեռքբերում է ինչպես “Մալայան” կենտրոնի Գլաուկոմայի բաժանմունքի, այնպես նաև Հայաստանում և տարածաշրջանում գլաուկոմայի առավել ամբողջական հետազոտման և բուժման համար:

glaukoma“Մալայան” ակնաբուժական կենտրոնի Գլաուկոմայի բաժանմունքի գործունեությունը, նոր ձեռք բերված սարքավորման ընձեռած հնարավորությունները և առավելությունները ներկայացնում է Ս. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի Գլաուկոմայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ Լիլիթ Ալբերտի Ոսկանյանը:

- Ինչպե՞ս հնարավոր դարձավ սարքի առկայությունը կենտրոնում:

- Սարքավորումը կենտրոնում առկա է “Գլաուկոս” կազմակերպության շնորհիվ: Այն, իր եզակի հատկությունների շնորհիվ կարելի է կիրառել հիմնականում գիտական աշխատանքների նպատակով: Սարքավորումը հնարավորություն է ընձեռում ֆիքսել հատկապես աչքի առաջնային հատվածում կատարված անգամ ամենափոքր միկրոսկոպիկ փոփոխությունները: Այն նաև առավել հստակեցնում է շունտավորման և վիրահատության ցուցումները:

“Գլաուկոս” կազմակերպության հետ աշխատում ենք արդեն 2007 թվականից: Կազմակերպությունը հայտնի է հատկապես ոլորտում նորագույն մեթոդների կիրառմամբ և ժամանակակից վիրահատությունների իրականացմամբ:

- Արդյո՞ք սարքավորումը կիրառվում է միայն գլաուկոմայի ախտորոշման և բուժման համար:

- Սարքավորումը լայն կիրառում ունի ոչ միայն գլաուկոմայի, այլ նաև աչքի առաջնային հատվածի հետ կապված շատ հիվանդությունների բուժման մեջ՝ կատարակտա, եղջերաթաղանթի հիվանդություններ, աչքի բնածին փոփոխություններ՝ ներառյալ ուռուցքները, շաքարային դիաբետով պայմանավորված փոփոխություններ և այլն:

- Հետազոտությունն ունի՞ տարիքային սահմանափակումներ:

- Դրա ցուցումը չունի տարիքային որևէ սահմանափակում: Թերևս միակ սահմանափակումն այն է, որ բժիշկը պացիենտի հետ պետք է կարողանա կոնտակտի մեջ մտնել, այսինքն՝գուցե շատ փոքր երեխայի հետ աշխատանքի ընթացքում առաջանա որոշակի խնդիր նրան ցուցումներ տալու հարցում:

- Որո՞նք են սարքի ընձեռած բացառիկ հնարավորությունները: Ի՞նչ առավելություններ ունի հետազոտությունը և բուժման ընթացքի վերահսկումը հենց այս սարքավորման միջոցով:

- Գործիքն արդյունքը ցույց է տալիս բացարձակ ճշգրտությամբ, չկա սուբյեկտիվ գործոն:

Սարքի հիմնական առավելությունը օբյեկտիվ արդյունք ներկայացնելն է: Նախկինում, բժիշկը գուցե չկարողանար հստակորեն վերահսկել բուժման ընթացքը. այս խնդիրն այլևս լուծելի է: Այժմ մենք հնարավորություն ունենք տեսնել նույնիսկ հետազոտվող անկյան ճշգրիտ աստիճանը:

Սարքավորումն ունի ինչպես պրոֆիլակտիկ, այնպես էլ վերահսկող բնույթ : Հետազոտող բժշկին կարող է թվալ, որ վիճակը կայուն է, որևէ փոփոխություն տեղի չի ունենում, սակայն ապարատը բացարձակ օբյեկտիվությամբ կարող է ցույց տալ կատարվող ցանկացած միկրոսկոպիկ փոփոխություն: Կամ, բժշկական պրակտիկայում հաճախ են պատահում վիճելի դեպքեր, երբ երկու բժիշկ տարբեր կարծիք են ունենում հիվանդության ընթացքի վերաբերյալ: Այս դեպքում ևս տեղին է սարքի ճշգրտությունը:

Սարքն առաջինն է, միակը Հայաստանում և տարածաշրջանում, և կարծում եմ, որ դեռ երկար կմնա այդպիսին: Դրանով իրականացվող հետազոտությունը, ի ուրախություն մեզ, նաև բավական մատչելի է: Գլաուկոմայի բուժման համար շատ հիվանդներ ենք ունենում նաև արտերկրից:

- Վաղուց է, ինչ կենտրոնում գործում է Գլաուկոմայի բաժանմունքը: Նկատու՞մ եք առաջընթաց ոլորտում:

- Գլաուկոմայի բաժանմունքը գործում է կլինիկայի ստեղծման առաջին իսկ օրից՝ 1977 թվականից, և առաջին հիվանդները եղել են հենց տրախոմայով և գլաուկոմայով հիվանդները: Այս առումով կարելի է ասել, որ “Մալայան” կենտրոնը գլաուկոմայի գիտական կրթօջախ է: Տարիների ընթացքում բաժանմունքը նկատելիորեն կատարելագործվել է, և այսօր հպարտ կարող եմ ասել, որ մեզ մոտ կատարվում են այնպիսի պրոցեդուրաներ, որ աշխարհում մեկ-երկու կլինիկայում են իրականացվում: Բացի շունտավորումից, կենտրոնում իրականացվում են նաև բոլոր հակագլաուկոմատոզ վիրահատությունները՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում գլաուկոմայի բուժումը: Ի՞նչ եղանակներով է հնարավոր դրա իրականացումը:

- Գլաուկոման ախտահարում է տեսողական նյարդը և՝ անվերադարձ: Վաղ ախտորոշումը կարող է օգնել կանգնեցնել հիվանդության զարգացումը: Այս դեպքում բուժումը ուղղված չէ տեսողությունը վերականգնելուն, խնդիրը տեսողության պահպանումն է: Այսօր Հայաստանում կա գլաուկոմայի բուժման համար նախատեսված դեղորայքի ողջ տեսականին: Սակայն, լինում են դեպքեր, երբ աչքը չի ենթարկվում դեղորայքային բուժմանը: Հաջորդ եղանակը լազերային միջամտությունն է: Եվ միայն ծայրահեղ ուշացրած և բարդ դեպքերում ցուցվում է հիվանդության վիրահատական բուժումը:



Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Գլաուկոմա
• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի շարունակական համագործակցութունը Ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի հետ• Մանկական գլաուկոմա. Գոնիոտոմիայի վիրահատությունը միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում• Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համագործակցում է աշխարհահռչակ Glaukos կազմակերպության հետ• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում սկսել է կիրառվել «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը• Հոկտեմբերի 12-15 Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում կատարվում են վիրահատություններ աչքի առաջային խցիկի միկրոշունտավորում• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում կիրառվել է «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը• Նորագույն վիրահատություններ• Հարցազրույց գլաուկոմատոլոգ Աննա Գասպարյանի հետ• Գլաուկոմայի նորագույն բուժում ամերիկյան Glaukos կորպորացիայի հետ համատեղ
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer