Աչքի կերատոպրոթեզավորումն Անդրկովկասում իրականացվում է միայն Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում

Աչքի կերատոպրոթեզավորումն Անդրկովկասում իրականացվում է միայն Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնումՍ.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում 2002թ. գործում է Բորբոքային հիվանդությունների բաժանմունքը՝ սկզբում որպես լաբորատորիա, իսկ 2005թ. սեպտեմբերից՝ առանձին բաժանմունք։

Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի եղեջրաթաղանթի և բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ակնաբույժ-վիրաբույժ Անի Համբարձումյանը մեզ հետ զրույցում ներկայացրեք բաժանմունքում իրականացվող ծառայությունները և գործող նորամուծությունները։ Անի Համբարձումյանը ղեկավարում է Հայաստանի աչքի բանկը, որը զբաղվում է աչքի հյուսվածքների' սկլերայի և եղջերաթաղանթի հայթհայթմամբ ու պահածոյացմամբ։

– Ներկայացրեք, խնդրե՛մ, ներկայումս ինչ ծառայություններ է մատուցում Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բորբոքային հիվանդությունների բաժանմունքը։

– Բաժանմունքում հետազոտվում, վիրահատվում և բուժվում են արտաքին աչքի, եղջերաթաղանթի, անոթաթաղանթի, ցանցաթաղանթի զանազան բնույթի բորբոքումներով հիվանդներ։ Կատարվում են կատարակտայի և եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություններ, մսամոլի, խալազիոնի, եղջերաթաղանթի տատուաժի վիրահատություններ և այլն։

– Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել բաժանմունքը վերջին տարիներին։

– Բաժանմունքում ներդրվել են մի շարք ախտորոշիչ և թերապևտիկ մեթոդներ, ինպիսիք են եղջերաթաղանթի քերուկի հետազոտությունը և վերջինիս մանրադիտակային զննումը, որն առավելագույնս բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունն ու ուղղորդված բուժման արդյունավետությունը եղջերաթաղանթի տարբեր ախտահարումների ժամանակ։ Բաժանմունքում ներդրվել է նաև վիրուսային կերատիտների ժամանակ պոլիմերազային շղթայական ռեակցիաների մեթոդի կիրառումը, չոր աչքի ախտորոշման թեստերը և արցունքատար կետիկների իմպլանտների տեղադրումը։ Այժմ ունենք գենետիկական լաբորատորիայի հետ համագործակցելու համաձայնություն՝ կատարելու ուվեիտով հիվանդների արյան գենետիկական թեստ, որը կնպաստի ուվեիտների ախտորոշման մակարդակն առավելագույնս բարձրացնելուն: Ներկայումս մեզ մոտ դիսպանսեր հսկողության տակ գտնվում են մոտ 1800 ուվեիտով (աչքի խոռոչի բորբոքումներ) հիվանդներ։

– Վիրաբուժական ի՞նչ ծառայություններ է կատարում բաժանմունքը։

– Ինչ վերաբերում է վիրաբուժությանը, այստեղ դեռևս 2006-ից՝ որպես նորամուծություն, Հայաստանում առաջին անգամ կատարվում է կերատոպրոթեզավորում բոստոնյան առաջին տեսակի կերատոպրոթեզով: Կատարվում են նաև լիմբալ ցողունային բջիջների տրանսպլանտացիա, ամնիոտիկ մեմբրանի տրանսպլանտացիա, խորը առաջային լամելյար կերատոպլաստիկա, որոնք զգալիորեն բարձրացնում են հիվանդների բուժման արդյունավետությունը։

– Մի քանի խոսքով ներկայացրեք, խնդրե՛մ, այս վիրահատությունների էությունը։

– Լիմբալ ցողունային բջիջների տրանսպլանտացիան կատարվում է այրվածքների և արտաքին աչքի նորագոյածությունների ժամանակ։ Ամնիոտիկ մեմբրանի փոխպատվաստումը, որը ներդրվել է 2006թ., կիրառվում է բուժա-պլաստիկ նպատակներով։ Բորբոքային բաժանմումքում տարեկան կատարվում է 180-200 տարբեր ախտաբանությունների վիրահատություններ։

– Ձեր թեկնածուական աշխատանքը ևս անդրադարձ է ամնիոտիկ մեմբրանի փոխպատվաստմանը։ Եթե խոսենք ընթերցողներին մատչելի լեզվով՝ ի՞նչ է ամնիոտիկ մեմբրանը և ե՞րբ է կիրառվում։

– Ամնիոտիկ մեմբրանը թափանցիկ թաղանթ է, որն անցնում է համապատասխան մշակում և չորացվում սիլիկագելի վրա։ Այն ունի բազմաթիվ թերապևտիկ հատկություններ, որոնցից են՝ արտաքին աչքի քիմիական այրվածքների դեպքում կենսաբանական վիրակապի հատկությունը, հակամիկրոբային հատկությունը, խոցերի և էրոզիաների լավացման արագացումը, բորբոքային գործընթացի ճնշումը, կոպիտ սպիացման և ավելորդ անոթավորման կանխումը։ Ամնիոտիկ մեմբրանը լայն կիրառվում է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են աչքի տարբեր բնույթի խոցերը, թափածակումը, եղջերենու և սկլերայի բարակեցումն ու հալեցումը, ինչպես նաև գոյացությունների հեռացումից հետո հուսվածքի պակասը լրացնելու համար պլաստիկ նյութ է ծառայում։

– Դուք խոսեցիք նաև կերատոպրոթեզավորման մասին…

– Անդրկովկասյան ամբողջ տարածաշրջանում կերատոպրոթեզավորում միայն այստեղ է կատարվում։ Կերատոպրոթեզն իրենից ներկայացնում է արհեստական եղջերաթաղանթ և ցուցված է այն դեպքերում, երբ մարդկային եղջերաթաղանթի փոխպատվաստումն արդյունավետ չէ, օրինակ, քիմիական այրվածքները, նախկինում եղջերենու տրանսպլանտատի բազմաթիվ օտարումները, աչքի սպիական հիվանդությունները։ Կերատոպրոթեզավորման մեր արդյունքները տպագրվել են ԱՄՆ-ի արաջատար ամսագրերից մեկում, ավելին, պարզվում է, որ Հայաստանն աշխարհում իր փորձով ղբաղեցնում է III տեղը։ Այս վիրահատությունը կատարվում է այն հիվանդներին, ովքեր տարիներ շարունակ կույր են եղել և կրկին տեսնելու հնարավորություն են ստանում։

Նորամուծություն է նաև բաժանմունքում կատարվող եղջերենու խորը առաջային լամելյար կերատոպլաստիկան (DALK)։ Այս մեթոդը հնարավորություն է ընձեռում պահպանել եղջերաթաղանթի չվնասված հատվածները (շերտերը)։

Հիմնականում կատարվում է առաջնային եղջերաթաղանթի մակերեսային ախտահարումների, սպիների ժամանակ։

Բաժանմունքում այժմ լայնորեն կիրառվում են իմունոսուպրեսանտներ ուվեիտների (ներակնային բորբոքումների) բուժման համար, որը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը։ Կուտակվել է զգալի փորձ այս դեղորայքը ստացող հիվանդների արյան հսկողության գործում։

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer