Լազերային շտկման նորագույն մեթոդ՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Լազերային շտկման նորագույն մեթոդի՝ Femto-LASIK-ի կիրառման շնորհիվ՝ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ վիրահատություններ են իրականացվում:

Ակնաբուժական կենտրոնում վերջերս ներդրված լազերային սարքի հնարավորությունների մասին զրուցեցինք ակնաբույժ, նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի հետ:

– Նորագույն լազերը հատկապես ինչո՞վ է առանձնանում:

– Առաջինն ու ամենակարևորն այն է, որ էքսիմեր-լազերային վիրահատությունները, որոնք մինչ այս նույնպես կատարվում էին, նոր սարքի շնորհիվ ավելի ապահով, ճշգրիտ և արագ են դարձել: Այս սարքը թույլ է տալիս միջամտություն կատարել վիրահատության համար անցանկալի համարվող աչքում: Մասնավորապես, խոսքը եղջերաթաղանթի անատոմիական կառուցվածքի և բարձր կարճատեսության մասին է: Այդ դեպքերում նախկինում ստիպված էինք մերժել պացիենտին: Օրինակ՝ բարակ եղջերաթաղանթի դեպքում բարձր կարճատեսությունը վիրահատելը դառնում էր ապագայի համար վտանգավոր: Այս սարքը չեզոքացնում է նման վտանգները:

Femto-վայրկյանային լազեր FS-200 WaveLight

– Ինչքա՞ն ժամանակ է, որ նման վիրահատություններ եք իրականացնում և ի՞նչ արձագանքներ ունեք:

– Մոտ երկու ամիս է, ինչ վիրահատում ենք այս սարքի օգնությամբ, իսկ առհասարակ լազերային վիրահատություններն իրականացնում ենք 2006 թվականից: Երկու տարբերակում էլ հետվիրահատական շրջանը նույն կերպ է ընթանում, նորը բացառիկ է բժշկական առումով, նաև՝ ապագայում ռիսկերի կանխարգելման:

– Ո՞ր խնդիրների դեպքում է կիրառվում սարքը:

– Լազերային շտկում կատարվում է կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի դեպքում: Առաջիկայում նոր սարքը մեզ թույլ կտա կատարել վիրահատություն նաև կերատոկոնուսի դեպքում: Այն հին ազգերին բնորոշ հիվանդություն է և բավականին շատ տարածված խնդիր է Հայաստանում: Այդ ախտորոշումն ունեցող հիվանդներին արգելված էր կատարել լազերային վիրահատություն, նոր սարքի շնորհիվ՝ արդեն հնարավոր է:

OCT Stratus Zeiss Ճեղքային լամպ

– Լազերային վիրահատություններն ակնաբուժության մեջ գնահատվեցին որպես «նոր դարաշրջան»: Այս ոլորտում ի՞նչ դիրքերում է Հայաստանը:

– Ո'չ միայն լազերային վիրահատությունների, այլև առհասարակ ակնաբուժության ոլորտում Հայաստանը ոչնչով հետ չի մնում միջազգային զարգացումներից: Այսօր չկա ընդունված որևէ վիրահատություն, որը մեզ մոտ հնարավոր չլինի կատարել… Լազերային ճյուղը, ինչպես նկատեցիք, շատ մեծ տեմպերով է զարգանում: Այն շատ ճշգրիտ վիրահատություն է, երևի թե միակ վիրահատությունն է, որի դեպքում կարող ենք ստույգ ասել՝ հիվանդն ինչ տեսողություն կունենա վիրահատությունից հետո: Ավելացնեմ նաև,որ լազերային վիրահատության ընթացքում զրոյացված են բարդությունները: Մի շարք առավելությունների շնորհիվ այն մեծ արձագանք ունի ողջ աշխարհում: Վիրահատվողների թիվը Հայաստանում մեծանում է օրեցօր: Շատ-շատերն են ուզում ազատվել ակնոց կրելուց:

   
Տոպոգրաֆ Allegro Oculayzer  Ռեֆրեկտոկերատոմետր TOMEY   Տոպոգրաֆ TOMEY

– Նոր սարքի շնորհիվ կենտրոնն ավելի գրավի՞չ է դարձել նաև արտասահմանցի պացիենտների համար:

– Արտասահմանից բավականին շատ պացիենտներ ունենք, ընդ որում, հիմնականում արտասահմանում բնակվող հայերն են: Արտերկրում նման վիրահատությունն անհամեմատ ավելի թանկ արժե:

– Մասնագետներն արդեն հասցրե՞լ են վերապատրաստվել. նոր սարքը հավանաբար կպահանջի համապատասխան գիտելիքներ:

– Այո, դա անպայման կազմակերպվում է: Անցյալ տարի վերապատրատում եմ անցել Մոսկվայի Էքզիմեր կլինիկայում և Գեմ Գոլցի անվան Ակնաբուժական կենտրոնում: Մեզ մոտ մասնագետները մշտապես վերապատրաստվում են, այլապես նոր տեխնիկան լիովին արդյունավետ լինել չի կարող:

– Ի՞նչ տենդենցներով է փոխվում աչքի հիվանդությունների վիճակագրությունը վերջին շրջանում:

– Հատկապես երիտասարդներն ավելի պահանջկոտ են դարձել սեփական առողջության, արտաքին տեսքի նկատմամբ: Եթե նախկինում, ունենալով լավ տեսողություն, թեթև գանգատի համար եզակի դեպքերում էին դիմում ակնաբույժին, այսօր անհամեմատ շատ են: Բարձրացել է հասարակության առողջապահական գիտակցությունը, մեծացել է կարճատեսություն, հեռատեսություն ունեցող հիվանդների հոսքը, որովհետև կյանքն ավելի լարված է դարձել՝ պայմանավորված, օրինակ, համակարգչից օգտվողների, մեքենա վարողների քանակով:

   
Դիոդ լազեր IRIDEX Հավաքական օպտիկական բիոմետր
WaveLight OB 820
 Դիոդ լազեր Alcon SL 1000

– Աչքի խնդիրներից խուսափելու համար ինչպիսի՞ն է կանխարգելումը:

– Առաջին հերթին, իհարկե, ճիշտ կառուցել աշխատանքային օրը: Դա վերաբերում է հատկապես այն մարդկանց, ովքեր ամբողջ օրը գրում են, կարդում, համակարգչի առջև են: Անկախ նրանից՝ մարդն ունի որևէ խնդիր, թե ոչ, ցանկալի չէ ժամերով նստել համակարգչի առջև. պետք է հանգստանալու հնարավորություն տալ աչքերին: Հարկավոր է խուսափել կարդալ վատ լուսավորության պայմաններում: Խորհուրդ է տրվում նաև պարբերաբար անցնել կանխարգելիչ հետազոտություններ:

Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նիկա Բաբայան



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer