Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով և որակյալ կադրերով

Ամերիկացի նշանավոր պրոֆեսոր, աչքի պլաստիկ վիրաբույժ Բրանսոն Քոլը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայության մասնագետների հետ Հայաստանում մեկ շաբաթ կիրականացնի բարեգործական վիրահատություններ ու կոնսուլտացիաներ:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում նոյեմբերի 2-ին կայացավ կոնֆերանս, որտեղ պրոֆեսոր Բրանսոն Քոլը ներկայացրեց գիտական զեկույց՝ «Ժամանակակից աչքի վիրաբուժությունը» թեմայով: Բրանսոն Քոլը ժամանել է Հայաստան տիկնոջ հետ, ով նաև իր օգնականն է:

Նոյեմբերի 2-ի գիտական կոնֆերանսը կազմակերպվել էր ՎՕՍ (Վերջին օրերի սրբեր) կազմակերպության հովանավորությամբ, որը զբաղվում է բարեգոծական միջոցառումներով աշխարհի տարբեր երկրներում:

Կազմակերպության նպատակն է բժշկության ոլորտում օգնություն ցույց տալ հասարակության անապահով խավի մարդկանց՝ կազմակերպելով անվճար կոնսուլտացիաներ աշխարհի առաջատար բժիկշների կողմից: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ներգրավվել է նշված համագործակցության մեջ 2007 թ.: Բրանսոն Քոլը նախկինում նույնպես այցելել է Հայաստան և աշխատել Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունում՝ կատարելով կոնսուլտացիաներ և վիրահատություններ կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապիճի հիվանդություններով տառապող հիվանդների շրջանում: Այդ ընթացքում, Հայաստանում մեկ շաբաթ անցկացնելուց հետո, պրոֆեսոր Քոլի կողմից կազմվել էր բոլոր անհրաժեշտ սարքավորումների և բժշկական պարագաների ցուցակը, որոնք կհեշտացնեին աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայության աշխատանքը և կբարձրացնեին հիվանդների բուժման մակարդակը Հայաստանում:

Ներկա այցի ընթացքում պրոֆեսոր Բրանսոն Քոլի կողմից իրականացվեց նվիրատվություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությանը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՎՕՍ կազմակերպության ներկայացուցիչ Ռոդ Սթոնը, խոսքը բժշկական սարքավորումների մասին է. «Մասնավորապես մեզ հետ բերել ենք գերմանական արտադրության ճակատային լույս, վիրաբուժական մեքենա, վիրահատարանի լույս և այլ պարագաներ, օրինակ՝ ամերիկյան ամենավերջին արտադրության իմպլատանտներ»:

ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲԿԱԳՄԱ և ՌԴ ԲՏԳԱ ակադեմիկոս, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր ակնաբուժական կենտրոնն այսօր հագեցած է ամենավերջին սարքավորումներով, որոնք թույլ են տալիս բուժել անգամ աչքի բնածին լուրջ արատներ: Կենտրոնում կա նաև օրբիտային վիրաբուժության մասնագետ, ով վերապատրաստված է արտերկրում և կատարում է բարդագույն վիրահատություններ: Այս գործոններով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՎՕՍ կազմակերպությունը Հայաստանում ցանկանում է համագործակցել հենց Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ: Խոսելով այս համագործակցության մասին՝ Ալեքսանդր Մալայանը մասնավորապես նշեց.

«Համագործակցում ենք շուրջ 7 տարի, և այս ընթացքում նախգծվել են մի քանի լուրջ ծրագրեր: Մասնավորապես, հույս ունենք միասին իրագործել մարզային ակնաբուժական հիվանդանոցների զարգացման մի ծրագիր, որի անհրաժեշտությունն այսօր շատ մեծ է, քանի որ մարզային հիվանդանոցները գտնվում են անմխիթար վիճակում: Իսկ մեզ մոտ զարգացումն ակնհայտ է: Եթե մոտ 3 տարի առաջ մենք չէինք կարողանում կատարել ամենապարզ վիրահատություններ ու մեր հիվանդներին ուղեգրում էինք Ռուսաստան, ապա այսօր հազարավոր նման վիրահատություններ ենք իրականացնում: Ունենք թե’ կադրեր, թե’ տեխնիկա»:

Հայաստանում և աշխարհում աչքի պլաստիկ վիրաբուժության ձեռքբերումների մասին իր գնահատականը պրոֆեսոր Բրանսոն Քոլը տվեց մեզ հետ զրույցում:

– Պարոն Քոլ, ո՞րն է վերջին մեկ տարվա ամենախոշոր ձեռքբերումն աչքի պլաստիկ վիրաբուժության ոլորտում:

– Կարծում եմ՝ վահանաձև գեղձի ախտահարման հետևանքով ակնակապիճի հիվանդության բուժումը, որի մասին խոսելու ենք այս գիտակոնֆերանսի ընթացքում, կարելի է համարել ժամանակակից ակնաբուժության ամենալուրջ նվաճումներից մեկը, քանի որ այս հիվանդությունը շատ բարդ է և կարող է հանգեցնել անգամ կուրության ու կոսմետիկ արատների' ակնագնդերի կախվելուն և շլության: Այժմ հնարավոր է վիրահատության միջոցով հասնել նրան, որ նման հիվանդությամբ տառապող մարդն ավելի լավ տեսնի ու ավելի լավ տեսք ունենա:

– Մատչելի՞ է արդյոք նման վիրահատությունը:

– Գիտե՞ք, մենք նախընտրում ենք աշխատել այնպիսի կլինիկաների հետ, ինչպիսին է, օրինակ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը, որտեղ կա խիստ ճկուն գնացուցակ: Հիվանդը, ով վճարունակ չէ, կարող է ընդհանրապես չվճարել և որակյալ բուժում ստանալ, մասնակի վճարունակ անձը նույն բուժման համար կարող է մասնակի վճարել, իսկ վճարունակ խավը վճարում է ավելի մեծ գումար' նույն բուժման դիմաց: Սա նպաստում է նրան, որ անկախ սոցիալական խավից, ցանկացած հիվանդ օգտվում է նույն բուժծառայություններից, ինչ մյուսները:

– Կա՞ն համագործակցության այլ խթաններ:

– Այո, այս կլինիկայի ընտրությունը պայմանավորված է նաև մասնագետի առկայությամբ, ով անցել է համապատասխան վերապատրաստում Հնդկաստանում և ԱՄՆ-ում, ինչն ավելի է նպաստում վիրահատությունների արդյունավետությանը:

– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի նվաճումները աչքի պլաստիկ վիրաբուժության ոլորտում:

– Աչքի պլաստիկ վիրաբուժությունը Հայստանում կարող եմ գերազանց գնահատել' հաշվի առնելով կրկին այն հանգամանքը, որ լավ մասնագետի պակաս այստեղ չկա:

– Կա՞ արդյոք մի բան, որ արտասահմանի մասնագետներն այսօր կարող են սովորել հայ գործընկերներից:

– Իհարկե, բոլորս սովորում ենք միմյանցից, կատարում փորձի փոխանակումներ: Օրինակ, այս կենտրոնում ես սովորել եմ մի վիրահատություն, որը նախկինում չէի անում: Խոսքը երեխաների բնածին արատներից մեկի' ծանր աստիճանի կախ կոպերի վիրահատության մասին է: Այդպիսի կոպերը վիրահատությամբ բարձրացնելու տեխնիկան ես այստեղ եմ սովորել:

Հեղինակ. Լարա Առաքելյան



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer