Ի՞նչ է անհասության ռետինոպաթիան

Ի՞նչ է անհասության ռետինոպաթիան. հնարավո՞ր է արդյոք կանխարգելել նորածնային կուրությունը ներկայացնում է Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ, «Անհասության ռետինոպաթիայի կանխարգելման և բուժման» ծրագրի համակարգող Ռուզաննա Հարությունյանը:

Ի՞նչ է անհասության ռետինոպաթիան: Ե՞րբ է այս վտանգը սպառնում նորածնին:

Այսօր անհասության ռետինոպաթիան մանկական ակնաբուժության ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտներից մեկն է:

Ժամանակակից բժշկությունը հասել է նրան, որ նույնիսկ 500գ. Քաշով, 24 շաբաթական ծնված երեխան ապրում է՝ իհարկե մանկաբույժների, նեոնատոլոգների հսկողության տակ, սակայն զգայական որոշ օրգաններ, որ պետք է զարգանան մինչև հղիության ավարտը, դրանց զարգացումը ներարգանդային կյանքում ընդհատվում է, և երեխան ծնվում է անհաս, ոչ զարգացած աչքերով, ակնահատակով և նյարդային համակարգի այս կամ այն խնդրով: Փաստորեն, երեխան հայտնվում է դրսում իր նորմալ քրոնոլոգիական ժամանակից 10 շաբաթ շուտ: Այս դեպքում խիստ առաջնային է դառնում երեխայի համար ստեղծել ներարգանդային վիճակին հնարավորինս մոտ պայմաններ:

Աչքն այն օրգաններից է, որ զարգանում է մինչև հղիության ավարտը՝ 42 շաբաթ:

Նախկինում, երբ հաջողվում էր երեխայի կյանքը փրկել 5-6 ամսականում ծննդաբերության ժամանակ, մայրերը մեկամսյա խնամքից հետո երջանիկ տուն էին գնում և որոշ ժամանակ անց դիմում էին ակնաբույժին՝ գանգատվելով, որ երեխան չի հետևում շարժումներին, բբի շրջանում սպիտակ հետքեր են առաջանում և այլն:

Ի՞նչ քայլեր են իրականացվում մեր երկրում այս խնդրի կանխարգելման և բուժման համար:

2010 թվականից հետո, երբ նկատվեց այսպիսի գանգատների աճ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ղեկավարության, Ալեքսանդր Մալայանի հորդորի շնորհիվ, ՀՀ Առողջապահության նախարարության կողմից մշակվեց ծրագիր՝ անհասության ռետինոպաթիայի վաղ հայտնաբերման և բուժման, որին մինչ այսօր էլ հովանավորում է «Լույս հայի աչքերին» հիմնադրամը և մեր հավատարիմ գործընկեր Ռոջեր Հովհաննեսյանը՝ Միացյալ Նահանգներից: Հենց ԱՄՆ հայկական գրասենյակի հետ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ հիվանդության մասին իրազեկումը, կարխարգելման ծրագրի մշակումը…

Կա՞ր նաև մասնագետների իրազեկման խնդիր:

Այո, իհարկե: Մեր մասնագետները պայքարում էին երեխայի կյանքի համար, բայց շատ հաճախ տուժում էր երեխայի տեսողությունը:

Մեծ աշխատանք է իրականացվել հատկապես հանրապետության նեոնատոլոգներին հիվանդության մասին իրազեկման հարցում՝ թե ինչու՞ են երեխաները կուրանում:

Ինչպիսի՞ իրավիճակ է մարզերում: Այնտեղ ևս մասնագետները պատրաստվա՞ծ են ևկարող են ցուցաբերել պատշաճ բուժօգնություն:

Այսօր ունենք լայնածավալ, խիստ կազմակերպված ծրագիր՝ անհասության ռետինոպաթիայի կանխարգելման և բուժման, որը գործում է ամբողջ Հայաստանով մեկ: Սարքավորումներ կան տեղակայված Գյումրիում, հարակից շրջաններում, շուտով նաև՝ Գորիսի ավազանում:

Ծրագրի հիմքը դրված է Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում: Ունենք գործընկերներ նաև 8-րդ և Առաջին համալսարանական կլինիկաներից: Հավաքված է մի թիմ, որտեղ ամեն բժիշկ համակարգում է հետծննդյան նորածնային խնամքի մեկ կենտրոն (Երևանում դրանք ութն են): Շնորհիվ «Լույս հայի աչքերին» բարեգործական ծրագրի, ունենք նորագույն սարքավորումները, որ անհրաժեշտ են:

Ինչպե՞ս է իրականացվում նախնական հետազոտությունը:

Նախ սկսում ենք զննել երեխայի ակնահատակը՝ ծնվելուց 3-4 շաբաթ անց: Պարբերաբար զննումների շնորհիվ հնարավոր է կանխարգելել տեսողության անվերադարձ կորուստը՝ լազերային միջամտությունների, դեղորայքային բուժման մեթոդներով:

Այս երեխաներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ, հսկողության տակ են լինում մինչև 10-12 տարեկան:

Մալայան ակնաբուժական կենտրոնի Տեսողության գերազանցության կենտրոնը, որն իրենից ներկայացնում է ժամանակակից սարքավորումներով հագեցած վիրասրահ և ախտորոշիչ կենտրոն և նպատակն է անհասության ռետինոպաթիայի 3-րդ՝ ներվիրահատական փուլի իրականացումը, բացվեց Մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում, քանի որ այս գործընթացը հնարավոր չէր իրականացնել այլ ուղղվածության բժշկական կենտրոններում: Հիվանդության առաջին երկու փուլերը՝ վաղ հայտնաբերումը և բուժումն արդեն իսկ դրված են բարձր մակարդակի վրա: Այժմ հնարավոր դարձավ նաև 3-րդ փուլի իրականացումը:

Իհարկե, մեծ առավելություն է նման կենտրոնի առկայությունը: Նախկինում ինչպե՞ս էր իրականացվում այս 3-րդ փուլի գործընթացը:

Նախկինում, երբ հանրապետությունում դեռևս չկային այս հնարավորությունները, ծնողները ստիպված էին լինում երեխային տանել Սանկտ Պետերբուրգ (ԱՊՀ տարածքում) երեխայի հետազոտության համար, իսկ ժամանակ կորցնելը ճակատագրական կարող է լինել երեխայի համար: Բացի այդ, ոչ բոլոր ծնողներն ունեն նյութական այդ հնարավորությունը:

Ո՞ր երեխաներն են գտնվում ռիսկային խմբում:

Հատուկ ուշադրության արժանի են 2 կգ-ից պակաս քաշով և 34 շաբաթականից շուտ ծնված երեխաները:

Ինչպե՞ս է իրականացվում ծնողի իրազեկումը հիվանդության վերաբերյալ:

Նախ զրուցում ենք ծնողի հետ, ծանոթացնում հիվանդության մանրամասներին, բնույթին: Ծրագրի շրջանակներում ունենք տպագրված թռուցիկներ մայրերի համար, որտեղ մատչելի և հասկանալի լեզվով ներկայացված է, թե ի՞նչ է հիվանդությունը: Եթե լինում է հավելյալ ինֆորմացիայի կարիք՝ ներկայացնում, բացատրում ենք: Եթե դեռևս 4 տարի առաջ մայրերը դիմադրում էին, չէին վստահում, դժվարությամբ էին թույլ տալիս տանել երեխային լազերային միջամտության՝ այսօր արդեն ծնողն ավելի պատրաստ է՝ իրազեկ լինելու շնորհիվ: Օգտագործում ենք զանգվածային լրատվության ցանկացած միջոց ծնողին այս խնդրի մասին տեղեկացնելու համար:

Հետազոտությունը և բուժումն ամբողջությամբ իրականացվում են բարեգործական ծրագրի տրամադրած միջոցներո՞վ:

Այո: Ծնողի կողմից ոչ մի վճարում ճի կատարվում: Դեղորայքի, բժշկի աշխատանքի և սարքավորումների ծախսը հոգում է «Լույս հայի աչքերին» բարեգործական ծրագիրը, իսկ ծրագրի ավարտից հետո պետությունը կշարունակի աջակցել այն:

Ո՞րը կլինի Ձեր մաղթանքը տեսողության միջազգային օրվա առիթով: Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա և ներկայիս մայրերին:

Մայրերին խորհուրդ կտամ անպայման պահպանել հղիությունը: Եթե այս կամ այն գործոնը կարող է խաթարել հղիության ընթացքը և երեխայի առողջությունը՝ վերացրեք այն: Ամեն կերպ փորձե՛ք կանխարգելել վաղաժամ ծննդաբերությունը: Առողջ երեխաները ազգի գոյության հիմքն են, և սա ռազմավարական հզոր նշանակություն ունի:

Բոլոր փոքրիկների աչքերը թող միշտ փայլեն: Երբ իմ կաբինետ մտնում է երեխան՝ աշխույժ, ուրախ աչքերով, մոռացվում է ցանկացած հոգնածություն: Թող, որ բոլոր երեխաները մեծանան գեղեցիկ, առողջ և վճիտ հայացքներով:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer